Մշակույթ

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը՝ միջազգային մրցույթի դափնեկիր

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը: Մրցույթին մասնակցել են 48 երգիչներ 12 երկրներից՝ Հայաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Գերմանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Չինաստան, Մոնղոլիա և այլն:  Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 15-18-ը՝ Հյուսիսային Օսեթիայում: Փառատոնի ժյուրիի նախագահն էր Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան: Նա նաև փառատոնի հիմնադիրն ու տնօրենն է, հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Արդեն չորրորդ անգամ անցկացվող այս փառատոնը միջազգային ճանաչում ունի: Այս տարի մրցույթը նվիրված է եղել ԽՍՀՄ ժող. արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանի ծննդյան 105-ամյակին: Նա Մոսկվայի «Մեծ թատրոն»-ի, Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի) և Երևանի օպերային թատրոնների մեներգիչ է եղել: Նա նաև Խորհրդային Միության առաջին օպերային երգիչն էր, ով ելույթ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի բեմում՝ չափազանց մեծ ընդունելության արժանանալով միջազգային ասպարեզում:

Սա Հովհաննես սարկավագ Ներսեսյանի համար առաջին միջազգային մրցույթը չէ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների ու փառատոնների: Արժանացել է մի շարք մրցանակների.

2015թ. հունվար — Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, Տիխվին, ՌԴ:

2014թ. փետրվար — «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր, Կրասնոդար, ՌԴ:

2013թ. սեպտեմբեր — Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր, Քիշինև, Մոլդովա:

2013թ. ապրիլ — Դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում, ՀՀ նախագահի  երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր, Երևան, ՀՀ:

Բացի մրցույթներից, Հովհաննես սարկավագը մասնակցել է մի քանի տասնյակ համերգների ու փառատոնների Հայաստանում ու արտերկրում` Երևանում, Ստեփանակերտում, Շուշիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Պիրանում, Վլադիկավազում և այլուր:

Հանդես է եկել Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայում, Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերայում (մարմնավորելով Թորոսի կերպարը), Ռ. Ալթունյանի հեղինակած «Մատյան Ողբերգության» բալետ-օրատորիայում, կատարել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը:  Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայում մարմնավորել է  Ս. Ներսես Մեծ կաթողիկոսին:

Երիտասարդ երգիչը բազմիցս առիթ է ունեցել մասնակցել նաև հռչակավոր վարպետների՝ Մոնսերատ Կաբալիեի, Լյուբով Կազարնովսկայայի, Լարիսա Գերգիևայի անցկացրած դասերին: 2014-2015թթ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մարիինյան» թատրոնին կից Երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայում կազմակերպված վարպետության դասերին:

Back to top button