Մշակույթ

Համազգային թատրոնը սկսում է հոբելյանական ՝ 25-րդ թատերաշրջանը

alisagevorgyan
Սոս Սարգսյանի անվան Համազգային  թատրոնը 25-րդ թատերաշրջանը նշանավորում է մի շարք պրեմիերաներով: Սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին  հանդիսատեսի դատին կհանձնվի Սաշա Գիթրիի  «Արի երազենք» կատակերգությունը՝ Ժիրայր Բաբազյանի  բեմադրությամբ: Հոկտեմբերի վերջին  կներկայացվի  խաղաշրջանի երկրորդ պրեմիերան՝ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը»՝  Արմեն Էլբակյանի բեմադրությամբ: Անկախ Հայաստանում ծնված 25-ամյա առաջին մշակութային օջախի՝ համազգային թատրոնի հոբելյանական անակնկալների ու սպասումների մասին «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

«Արի երազենք». Ֆրանսիացի դրամատուրգ  Սաշա Գիթրիի կատակերգությամբ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սկսում է իր հոբելյանական ՝ 25-րդ թատերաշրջանը: «Հարյուր տարվա գործ է, բայց շատ ժամանակակից, քանի որ թեման սերն է, հերոսները՝  սիրո կապանքներում խճճված մարդիկ»,-պարզաբանում է բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը:

Հայերի հետ ավելի ամուր կապ ունի նոր եթերաշրջանում համազգայինում բեմ բարձրացող մյուս ներայացումը,Վիլյամ Սարոյան՝«Քո կյանքի ժամերը»: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասում է,  որ պիեսի բեմականացման համար հրավիրվել է Արմեն Էլբակյանը, ում ստեղծագործական կյանքում սարոյանական պիեսները վաղուց իրենց տեղն ամրագրել են:

Սիրո կապանքներում խճճված մարդկային երազանքներից զատ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում և կուլիսներում չեն  դադարում երազել թատրոնի նոր շենքի ու կայուն տանիքի մասին: «Ի վերջո ինչ հանգուցալուծում է սպասվում թատրոնի շենքի կառուցման չարչրկված խնդրին» հարցին, թատրոնի տնօրենն արձագանքում է հակիրճ, լակոնիկ, փոքր ինչ խորհրդավոր ու հուսադրող պատասխանով.«Շատ բարձր ատյանից ասել են, որ հարցը կլուծվի նոյեմբերին»:

Սպասենք մինչև նոյեմբեր՝ կոչով Վարդան Մկրտչյանը միաժամանակ հիշեցնում է Նապոլեոնի օգնականի ՝ Թալեյրանի հայտնի արտահայտությունը «Խոսքը ոչինչ է, քանի դեռ չի հանձնվել թղթին»:

Back to top button