

«Եթե կար նման ժամանակակից զինտեխնիկա, ապա ինչու ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չկիրառվեց այն», հատկապես շքերթից հետո առաջացան նման հարցեր: Պատասխանը, ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի պարզ է՝ դրանք կիրառման համար չեն:
Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ ցուցադրված Իսկանդերը, ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի, զսպող միջոց էր հակառակորդի համար: Ինչու այն ցուցադրվեց հիմա: Դեսպանի կարծիքով այդպիսով Մոսկվան լուծում է իր հարցերը, մասնավորապես.
«ՆԱՏՕ-ի աշխուժացման պայմաններում ՌԴ ամրապնդում է իր դիրքերը Կովկասում»:
Իսկանդերը, իհարկե, չի օգտագործվելու, հստակեցրեց դեսպանը, հակառակ դեպքում դա կլինի վերջը, կամ նոր՝ լայնածավալ պատերազմի սկիզբը: Այդ դեպքում ինչ նշանակություն ուներ Իսկանդերի ներկայացումը Հայաստանի անկախության 25ամյակի շքերթի ընթացքում:
Արման Նավասրադյանի պարզաբանմամբ դա առաջին հերթին համահունչ է Ռուսաստանի հայեցակարգին ու տեղավորվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ռազմավարական դաշնակիցներին պաշտպանելու մոտեցմանը: Բացի այդ, Իսկանդերի ցուցադրումը նշանակում էր ըստ նրա, որ Հայաստանը մտնում է Ռուսաստանի անվտանգության հովանոցի տակ:
Այսօր հետաքրքրական է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Ռոհանիի նախատեսվող այցը Հայաստան, ինչի մասին վաղուց է խոսվում, սակայն դեռևս որևէ օր չի նշվում: Տարածաշրջանային նախագծերի մասին հիշատակելով՝ դիվանագետը նշեց, որ Ռոհանիի այցը շատ արդյունավետ կարող է լինել Հայաստանի համար,եթե Երևանը ճիշտ մոտեցում դրսևորի: Հայաստանը շատ վատ է օգտագործում Իրանի հարևանության հնարավորությունը:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի համոզմամբ՝ Ռոհանիի այցը, ի վերջո կուտակված բազմաթիվ հարցերի պատասխաններ կտա, և շատ կարևոր է, որ Հայաստանում ամեն օր աշխատանք տարվի Իրանի հարևանությունից օգտվելու հնարավորություններ գտնելու ուղղությամբ:
Ըստ Գոհար Իսկանդարյանի՝ թեև Ռոհանիի այցի հստակ օր չի նշվում, սակայն պետք է հաշվի առնել, որ դա կլինի Ռոհանիի որպես Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին այցը Հայաստան ու հաշվի առնելով, որ Իրանը բաց է համագործակցության հարցում, պետք է փորձել շահագրգիռ առաջարկներ ներկայացնել:




