Հասարակություն

«Վիլյամ Սարոյան» մեդալ՝ Թուրքիայում անազատության մեջ գտնվող մտավորականին

sonahakobyan
Ստամբուլում այսօր հայ քաղբանտարկյալ, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանի հարազատներին կհանձնվի ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից մտավորականին շնորհված` Վ. Սարոյանի անվան մեդալը: Մեդալը, որ շնորհվում է Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ  բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք և Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար, կհանձնի հենց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագախ Ախոյանը, ով մեծ ներդրում ունի հայ-թուրքական քաղաքացիական հասարակության երկխոսության կայացման գործում: Անդրադառնալով այս իրադարձությանը՝  Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշել է, որ դրան անդրադարձել են ոչ այնքան տեղի հայկական, որքան  թուրքական լրատվամիջոցները:

 

Պոլսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանը իր սուր քննադատությամբ թերևս զիջում է միայն Հրանտ Դինքին: Նման համարձակությունն իհարկե չէր կարող անպատիժ մնալ և 2014 թվականին Թուրքիայում ապօրինի շինարարության մեղադրանքով հայտնի մտավորականը 8 տարվա ազատազրկման ենթարկվեց: Սևան Նշանյանին, սակայն, իր ձերբակալությունը չլռեցրեց և Էրդողանի հասցեին խիստ քննադատական արտահայտության համար նրա դեմ նոր հայցեր ներկայացվեցին: Եթե  այդ բոլոր հայցերը բավարարվեն, Նշանյանը կենթարկվի ավելի քան 250 տարվա ազատազրկման, նկատեց Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականների հետ կապ հաստատեց նաև Ռադիոլուրը: Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը  մեզ հետ զրույցում խուսափեց անդրադառնալ Սևան Նշանյանի ձերբակալությանը: Միայն հայտնեց, որ թերթը ժամանակին անդրադարձել է նրա գործին: Նշանյանին վերաբերող հաջորդ հոդվածը լույս կտեսնի վաղը՝ գրողին «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման  արարողությամբ պայմանավորված:

Նշենք, որ մինչ Թուրքիայի հայությունն ու հայ մտավորականությունը զգուշավորություն է դրսևորում և լռում է, այսօր Ստամբուլում կկայանա պոլսահայ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը: Սարգիս Հացպանյանը հայտնեց, որ Հայաստանից մեկնած պատվիրակությունն արդեն իսկ Ստամբուլում է:

Սարգիս Հացպանյանը հատկապես տպավորված է թուրքական լրատվամիջոցների արձագանքից: Այս իրադարձությանն անդրադարձել են մասնավորապես ընդդմադիր լրատվամիջոցները «Վիլյամ Սարոյանից Սևան Նշանյան» վերտառությամբ հոդվածներում:

Back to top button