Հասարակություն

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Պրահայի գործընթաց»-ի նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին

Եվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացել է «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջև միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձևաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արևելյան գործընկերության և այլ երկրներ:

Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարևոր միգրացիոն խնդիրները և ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձևավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։

Համաժողովի բանախոսներն ընդգծեցին, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրել է Պրահայի գործընթացի 2012-2016թթ. գործողությունների ծրագրին համապատասխան ՀՀ-ում կատարած աշխատանքները և ընդգծեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու գործակցությունն այս կարևոր միջազգային ձևաչափում։ ՀՀ դեսպանը ողջունել է միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նաև անդրադարձավ սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ընդունել է 20 հազարից ավելի փախստականներ Սիրիայից և Իրաքից, որը բնակչության թվի հարաբերակցությամբ Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից է։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ թեպետ ներգաղթյալների մի մասն իրենց կարողությունների և պետական աջակցության շնորհիվ կարողացել է ինտեգրվել հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանն ունի աջակցության կարիք և այս հարցում ակնկալում է եվրոպական համապատասխան կառույցների օժանդակությունը:

Քննարկումների արդյունքում նախարարական համաժողովն ընդունեց համատեղ հռչակագիր, 2017-2021թթ. գործունեության մանդատ տվեց Գործընթացին։ Հռչակագրով նախատեսվել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղի կունենա փորձագետների հանդիպում, որի ընթացքում, ելնելով արդի առաջնահերթություններից, կմշակվի Գործընթացի՝2017-2021թթ. գործողությունների ծրագիր։

Back to top button