Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին վերագտնելով իր հայկական ինքնությունը՝ Ա. Արսլանը 2004 թվականին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզուներով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012 թվականին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Ա. Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսին՝ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» խորագրով զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Միջոցառմանը ելույթ կունենա Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը: