Մշակույթ

«Սուրբ Էջմիածինը սպասում է».ներկայացվել է Սիլվա Սուքիասյանի նոր գիրքը

alisagevorgyan
«Սուրբ Էջմիածինը սպասում է». այսպես է կոչվում գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանի պատմա-փաստագրական նոր գիրքը, որը ներկայացնում է Իրանի Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմերի պատմությունը, թեմեր, որոնք առանձնանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, 1958 թվականին ընդգրկվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում: Գրքի հեղինակը համոզված է, որ պատմական անարդարությունը շտկելու ժամանակն է և Իրանի Հայ Առաքելական եկեղեցու թեմերը պետք է վերադարձվեն Սուրբ Էջմիածնին:

 

«Սուրբ Էջմիածինը սպասում է» պատմա-փաստագրական գրքի առաջին հատվածում ընդգրկված են Հայաստանի Ազգային արխիվում և  Մաշտոցի անվան մատենադարանում  պահպանվող Իրանի Հայ Առաքելական  եկեղեցու թեմերի 1954-1965 թթ.  վերաբերող փաստաթղթերը:

Գրքի երկրորդ հատվածում՝ իրանահայերի և Իրանի հայ եկեղեցու Ատրպատականի, Սպահանի և Թեհրանի թեմերի կազմավորման համառոտ պատմությունն է: Մայր Աթոռին պատկանող նշված երեք թեմերը 1958 թվականին դաշնակցական կուսակցության և մի խումբ հոգևորականների նախաձեռնությամբ առանձնացան ու ընդգրկվեցին  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում:

«Հիմնական պատճառաբանությունը խորհրդային կարգերն էին, որի հետ ունեին գաղափարական տարաձայնություն»:

Գրքի հեղինակը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանն ասում է, որ այս  որոշման մեջ կար կետ, համաձայն որի Իրանի հայկական թեմերը կվերադարձվեն Մայր Աթոռին, երբ գան լավ ժամանակներ: Ըստ հեղինակի՝ 25 տարի առաջ եկավ այդ ժամանակը, երբ ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետությունը և խորհրդային կարգերն այլևս անցյալում էին:  Իրանի թեմերի հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, բայց խնդիրը չի լուծվել:

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված իր գրքում Սիլվա Սուքիասյանը կոչ է անում վերականգնել պատմական արդարությունն ու Մայր Աթոռին վերադարձնել Իրանի հայկական թեմերը, որի համար , ըստ նրա, ընդամենը բարի կամք է անհրաժեշտ դրսևորել: «Մեկ ազգ մեկ եկեղեցի» կարգախոսն, ըստ նրա, պաստառից իրականություն տեղափոխելու ժամանակն է:

Back to top button