

Երեկվանից Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում սկսվել է խաղողի տեխնիկական սորտերի մթերման գործընթացը: Գործարանը նախատեսել է ընդունել 32000 տոննա խաղող՝ նախատեսելով վճարել ավելի քան չորս միլիարդ դրամ: Գործարանը գործընկեր խաղողագործների հետ աշխատում է պայմանագրային հիմունքներով, սակայն այս տարվա բնակլիմայական վատ պայմանների հետևանքով բերքն ավելի քիչ է, մտավախություն կա, որ խաղողագործները չեն կարողանա կատարել պայմանագրային պարտավորությունները:
Նախորդ տարում խաղողն այնքան առատ էր, որ խաղողագործները միջոցներ էին որոնում նույնիսկ խաղողի սեղանի սորտերը շուկայականից քառապատիկ ցածր գներով հանձնել վերամշակող ձեռնարկություններ, իսկ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ 25-30 տոկոսով քիչ խաղող է արտադրվել: Բնությունն այսպիսին է, անկանխատեսելի՝ մեկ բերքն այնքան առատ է, որ իրացման ճանապարհներ են որոնում, մյուս դեպքում՝ բերքի սակավությունից ապրուստի միջոցներ:
Երեկվանից ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղյում մեկնարկել է խաղողի մթերումը: Խաղողի ընդունման գինն այս տարի 20 տրամով նվազել է, նախորդ տարվա 150 դրամի փոխարեն մեկ կիլոգրամ խաղողը Երևանի կոնյակի գործարանը գնում է 130 դրամով: Միայն Արմավիրի խաղողագործներից գործարանը ընդունելու է 18 200 տոննա խաղող: Արմավիրցի խաղողագործները պահպանում են խաղողի որակական հատկանիշները և աշխատում են լավ որակի խաղող վաճառել գործարանին, այլապես գործընկերությունը կդադարեցվի: Ներկայում հանձնվող խաղողի շաքարայնությունը 19-ից տոկոսից բարձր է:
Գործարանում հսկողությունն ուժեղացված է, խաղողի շաքարայնությունը որոշելուց հետո բերքով լի մեքենաները կշռվում են, հետո դատարկվում՝ ստուգելով բերքի որակը:
Տարվա սկզբին գարնանային ցրտահարութան ու միմյանց հաջորդող կարկտահարության հետևանքով վնասվեցին նաև խաղողի վազերը: Մրգաշատ գյուղում Արամ Մանուկյանի 500 քմ տարածությամբ խաղողի այգիները տարերային աղետից նույնպես վնասվել են: Խաղողագործը նախապես կնքված 6 տոննա պայմանագրային պարտավորությունները չի կարող կատարել, քանի որ ստացել է մոտ 2 տոննա բերք: Մտավախություն ունի, թր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կխզվի պայամանգիրը հաջորդ տարիների համար: Ստացված բերքով Արամ Մանուկյանը մարելու է այգու վրա կատարած ծախսերը՝ բուժանյութերի պարտքերն ու բանվորի աշխատավարձը: Ցրտահարության և կարկտահարության հետևանքով արմավիրի մարզույմ այս տարի սպասվում է մոտ 100 000 տոննա խաղող: Անցած տարվա մթերած խաղողի դիմաց մի քանի վերամշակող ձեռնարկություններ դեռ պարտք են խաղողագործներին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ դեռ 3 գործարան 190 մլն դրամի պարտք ունեն վճարելու խաղողագործներին:
Այսօրվանից խաղողի մթերում է սկսել նաև ԵԿԳ-ի Այգավանի մասնաճյուղում, վաղը նախատեսվել է նաև Նոյյան բնական հյութերի գործարանում: Խաղող վերամշակող մյուս ձեռնարկությունների հետ դեռ համաձայնեցման աշխատանքներ են տարվում:




