Քաղաքական

Խնդիրները լուծելու համար թիմ է պետք. Վազգեն Մանուկյան

karenghazaryan
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, թե խնդիրները լուծելու համար նորանշանակ վարչապետը պետք է ունենա ի՛ր թիմը։ «Ես շատ էական նշանակություն եմ տալիս ոչ միայն վարչապետի անձին, այլ որ կառավարությունը  խնդիրների շուրջ հավաքված թիմ լինի: Կհաջողվի՞ իրեն և  հնարավորություն կունենա՞ Կարեն Կարապետյանն այդպիսի թիմ ունենալ, ցույց կտա միայն ապագան»,-նշել է Վազգեն Մանուկյանը:

 

Նորանշանակ վարչապետի գնահատմամբ՝ շատ ծանր վիճակից տնտեսությունը դուրս բերելու համար, ըստ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, կան հստակ քայլեր, որ պետք է անել: Թվարկելով այդ քայլերը՝ Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ եթե այդ խնդիրները հնարավոր լինի լուծել, ապա երկիրն առաջ կգնա:

«Ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որպեսզի եւ հասարակությունը, եւ իշխանությունները մի պահ մտածեն, թե մենք ի՞նչ ենք անում եւ փորձենք փոփոխություններ մտցնել: Փոփոխություններ հիմա սպասվում են, թե ոչ՝ ապրիլյան պատերազմը, վերջին իրադարձությունները Երեւանում ցույց տվեցին, որ ձգտում կա փոփոխությունների: Ինչքան համարձակ կկատարվեն այդ փոփոխությունները, ինչ նպատակների կհասնենք՝ ես դժվարանում եմ ասել»:

Հաջողության համար Վազգեն Մանուկյանը կարեւորություն է տալիս ոչ միայն վարչապետի անձին, այլ նաեւ նրա թիմին, որը պետք է ձեւավորվի որպես միասնական նպատակներ ունեցող: Կհաջողվի՞ իրեն և  հնարավորություն կունենա՞ Կարեն Կարապետյանն այդպիսի թիմ ունենալ՝ ցույց կտա միայն ապագան՝ ասաց բանախոսը: Արձագանքելով դիտարկմանը, որ արդյոք այս կառավարությունն ունակ չէր այդ խնդիրները լուծելու՝ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Ամեն մի խնդիր լուծելու համար թիմ է պետք, այս կառավարությունում տարբեր մարդիկ ունեն պաշտոններ, ամեն մեկը տարբեր տեղից եկած, տարբեր մտածողություն ունեցող, միասնական նպատակ, որ բոլորը նվիրված են դրան, ես չեմ տեսնում անկեղծ ասած»:

Առաջնային խնդիրներից Վազգեն Մանուկյանն առանձնացրեց արտաքին եւ ներքին ներդրումների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հանրապետությունում մի խումբ մարդիկ կան, որ շատ մեծ գումարներ են աշխատում, մի քանի միլիարդ դոլարի հասնող, մինչդեռ՝ երկրում ներդրում կամ չեն անում, կամ էլ  չնչին չափով և հիմնականում այդ փողերը դուրս են հանում:

Բացի այդ՝ տնտեսությունը պետք է լինի ազատ, մրցակցային, որի համար  կարևոր դերակատարում ունեն հարկային և մաքսային ոլորտները: Ոլորտում եթե չլինեն ազնվագույն մարդիկ, ապա՝ ոչինչ չի ստացվի: Պետք է խնդիրներ դնել եւ լուծել, իսկ միասնական թիմը պիտի պատասխանատվություն կրի դրանց համար՝ շեշտեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ հասարակությունն էլ պիտի իր հերթին խնդիրներ դնի եւ պահանջի, որ այդ խնդիրները լուծվեն:

«Մենք պետք է մեր առջեւ խնդիրներ դնեինք: Ես չեմ տեսնում, որ այս տարիների ընթացքում՝ 94 թվից հետո, մենք լուրջ խնդիրներ ենք դրել եւ կարողացել ենք լուծել: Կարելի է գնալ բոլոր ասպարեզներով: Խնդիրն այն է, որ մենք խնդիր չունենք դրած մեր առջեւ: Մենք ուղղակի ապրում ենք»:

Ես, իհարկե, քննադատում եմ իշխանություններին, եւ առաջին, եւ երկրորդ եւ երրորդ նախագահներին, ես քննադատում եմ  վարչապետներին: Քննադատության մի մասն է դա՝ հավելեց Վազգեն Մանուկյանը՝ հարց ուղղելով. իսկ հասարակությունն ի՞նչ խնդիր էր դրել իր առջեւ: Ասաց, թե իր տպավորությամբ՝ հասարակության գերխնդիրը դարձել է  իշխանություն փոխելը, իշխանությունից վրեժ լուծելը: Սովորական պետություն չդառնալու համար ե՛ւ հասարակությունը, ե՛ւ իշխանությունը պետք է կարողանան իրենց առջև խնդիրներ դնել եւ հետամուտ լինել դրանց լուծմանը: Իշխանությունը որպես պատասխանատվություն կրող, հասարակությունը՝ պահանջատեր: Վազգեն Մանուկյանն ասաց, թե հույս ունի, որ կառավարության փոփոխությունը կբերի դրան:

Back to top button