ԿարևորՔաղաքական

ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի.Ստեփան Գրիգորյան

karenghazaryan
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ն այսօր կազմակերպել է «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկում: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ միջոցառումը նպատակ ունի բացահայտելու, թե ինչո՞վ ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վարշավայում, ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, նաեւ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի դիրքորոշումները՝ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի արդյունքների հետ կապված:

 

Հայաստանում բոլորը պետք է իմանան, թե աշխարհում ինչ է  կատարվում, այն էլ այնպիսի հզոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանի փոխանցմամբ՝ դա է  պատճառը, որ իրենք անցած շրջանում շարունակել են աշխատել ՆԱՏՕ-ի հետ եւ կողմնակից են, որ Հայաստանն ակտիվ աշխատի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ:

«ՆԱՏՕ-ի հետ պետք է համագործակցել: Մենք ողջունում ենք, որ Հայաստանն այսօր ի պաշտոնե համագործակցում է: Ուղղակի մենք ասում ենք՝ միգուցե էլի՞ ծրագրեր իրականացնենք: Նույն ԵՄ-ի հետ, մենք կարծում ենք, որ պետք է շարունակել ինտենսիվ՝ ավարտելու համար ԵՄ-Հայաստան բանակցությունները, որ նոր պայմանագիր ստորագրենք: Դա կյանքի պես պետք է մեզ»:

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները շատանում են, և եթե դու աշխատում ես մեկ երկրի և համակարգի հետ, ապա դու այդ մարտահրավերիները չես կարող դիմագրավել: Ի վերջո, բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլյան պատերազմը՝ ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ պետք է աշխատել բոլորի հետ, ուժերը դիվերսիֆիկացնել. այլընտրանքներ պետք է ստեղծել բոլոր ոլորտներում՝ անվտանգության, տնտեսական, էներգետիկայի: Այդ համագործակցությունը ոչ ոքի դեմ ուղղված չէ՝ շեշտեց Ստեփան Գրիգորյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ իրականցվող ծրագրերը անհատական գործընկերության շրջանակներում բավականին մեծ արդյունք են ապահովում: Հիշեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորեց երկրի ղեկավարի ելույթը, որտեղ հստակորեն նշվեցին ՆԱՏՕ-ի հետ կապված մեր նպատակադրումները: Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ լինելու եւ միաժամանակ ՆԱՏՕ-ի հետ փոխգարծակցելու հանգամանքին՝ Կորյուն Նահապետյանը շեշտեց, թե այդ տեսանկյունից երկու անվտանգության համակարգերում էլ իրենք որեւէ անհանգստություն չեն նկատում:

«Կարծում եմ, բոլոր կողմերն էլ շատ լավ հասկանում են մեր առանձնահատուկ կարգավիճակը, եւ նաեւ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, այստեղ իրականացնելով մեր ստանձնած պարտավորությունները, միեւնույն ժամանակ, մենք ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացնում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են մեր ազգային անվտանգության շահերից: Այստեղ առանձնահատուկ կարեւորություն ունի «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», որտեղ մենք մի շարք բաղադրիչներով իրականացնում ենք մեծածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ նաեւ պաշտպանության ոլորտում»:

Հայաստանում Գերմանիայի հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում, ներկայացնելով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի արդյունքները, շեշտեց, որ դաշինքն իր որոշումներում առճակատում չի տեսնում եւ կարծում է, որ աշխատանքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար եւ բաց է թողնում՝ պահպանում երկխոսության բոլոր կանոնները Ռուսաստանի հետ:

 

Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Պիտեր-Անդրեաս Բոխմանը, ներկայացնելով հիմնադրամի դավանած արժեքներն ու սկզբունքները՝ շեշտեց, որ իրենց տեսակետից Եվրոատլանտյան եւ ԵՄ շրջանակներում գործընկերությունը չափազանց կարեւոր է հաջող հարաբերությունների եւ անվտանգության համար:

 

Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կբերի ավելի շատ թափանցիկություն պաշտպանության ոլորտում եւ կնպաստի տարածաշրջանային երկխոսությանը: Դա կնպաստի Հայաստանի հետագա ժողովրդավարացմանը՝ իր խոսքը եզրափակեց Պիտեր-Անդրեաս Բոխմանը:

Back to top button