

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչների հոգսաշատ առօրյային գումարվել է անվտանգության ու աշխատատեղերի բացակայությունը: Բայց գյուղը լքելու որոշում քչերն են կայացնում: Մարդիկ ուզում են աշխատել ու բարիք ստեղծել հայրենի գյուղում, անգամ հակառակորդի կրակոցների ներքո:
Ադրբեջանի հետ շուրջ 40 կմ սահմանագիծ, անընդհատ կրակոցներ, որոնք խնդիրները բազմապատկում են հատկապես վար ու ցանքի, բերքահավաքի ժամանակ: Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը պատմում է, որ հակառակորդը հաճախ թիրախավորված կրակում է դաշտում աշխատող գյուղացիների ու տեխնիակայի վրա: Անցյալ տարի հացահատիկի բերքի զգալի մասը դաշտում մնաց հենց նույն պատճառով:
Հրետակոծությունից ժամեր անց կարծես ոչինչ չի էլ եղել, մարդիկ իրենց առօրյա աշխատանքին են անցնում, երեխաները դպրոց ու մանկապարտեզ հաճախում: Թշնամու հետ սահմանն ու Կոթիի ճակատագիրը կիսող Տավուշի համայնքներում սա, կարծեք, կենսակերպ է դարձել: Սկզբում թվում է, թե ամեն ինչ նույնն է, ինչպես Հայաստանի բոլոր համայնքներում, բայց արտաքին խաբկանքը վերանում է, երբ ծառի ու նապաստակի մասին մանկական անմեղ ոտանավորի փոխարեն կոթեցի 5-ամյա աղջնակից մանկապարտեզում սովորած այսպիսի տողեր ես լսում.
«Մանուկներն ենք մենք Կոթի՝
Եվ ուրախ ենք եւ բարի
Հաճախում ենք մենք պարտեզ,
Քաջ ենք ուրախ լավատես:
Երբ կրակոց է լինում, ապաստարան ենք իջնում
Չենք վախենում թուրքերից, ոչ էլ նրա զենքերից…»
Գյուղամիջում տարեց տղամարդիկ են հավաքվում, հոգսն ու ցավը մեկտեղում, հիշում անցած գնացած օրերը: Սերոժ Մամյանն էլ ամեն օր նրանց շարքերում է: Մայրաքաղաքից ժամանած լրագրողիս կարծեք երկար էր փնտրել՝ կուտակված դժգոհությունները կիսելու, բողոքները վերևներին հասցնելու ակնկալիքով:
Գյուղամիջի ավագանու մշտական անդամներից է նաև Աշոտ Սեպխանյանը, նա էլ իր դժգոհություններն ունի: Կոթիի գյուղամիջում ակտիվ քննարկման առարկա է դարձել նաև համայնքների խոշորցման ծրագիրը, որից կոթեցիները, մեղմ ասած, գոհ չեն:
Կոթիի հոգսաշատ առօրյայի կարևորագույն մասն են կազմում անվտանգության ու աշխատատեղերի բացակայությունը, բայց մարդիկ գյուղը չեն լքում, գնում են ժամանակավոր աշխատում ու վերադառնում: Կոթեցի յուրաքանչյուր տղամարդ զինվոր է ոչ միայն հոգու խորքում, այլև պատրաստ անհրաժեշտության դեպքում անմիջապես զինվել ու պաշտպանել գյուղը:
Կոթեցին ոչ միայն իր տուն ու զավակների կյանքն է պաշտպանում, այլև գերեզմանները, որոնք այդ հողին նրանց հազարամյակների ներկայության վկայություններն են: Շատ բան չեն ուզում՝ ապրելու, արարելու նվազագույն պայմաններ:
Համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը պատմեց, որ սահմանամերձ համայնքներին տրված հարկային արտոնությունների շնորհիվ Կոթիում արդեն մսի վերամշակման փոքրիկ արտադրամաս է գործում:
Ռուսաստանի դեմ կիրառված միջազգային պատժամիջոցների արդյունքում արտագնա աշխատանքի մեկնող կոթեցիների թիվն էլ նվազել է: Մարդիկ կարող են և ուզում են աշխատել ու բարիք ստեղծել հայրենի գյուղում, անգամ հակառակորդի կրակոցների ներքո:




