Հասարակություն

Ոչխարի պանիրն ու թոնրի լավաշը. կին գործարարների բիզնես ծրագրերը

alisagevorgyan

Կինն ու ազգային ավանդույթները. ավանդույթներ, որոնք կանայք փորձում են վերածել բիզնեսի, մի դեպքում հաջողվում է, մյուս դեպքում՝ ոչ այնքան, բայց կանանց նախաձեռնողականությունն արդեն ողջունելի է: «Ռադիոլուրի» զրուցակիցները՝ Գեղամա լեռների արոտներում եզդի Գյուլբարի Խատոյանը եւ Գառնիում  Իսկուհի Հովհաննիսյանը պատմել են ոչխարաբուծության առավելությունների ու ներկա խնդիրների, ինչպես նաեւ գառնեցի կանանց Ռուսաստանում լավաշի հաջողված  բիզնեսի մասին:

 

Գեղամա լեռներում ոչխարների հոտն արոտ տարած Գյուլբարի Խատոյանը ոչխարներին է կթում ու «Ռադիոլուրին» պատմում եզդիների ավանդական բիզնեսի՝ ոչխարաբուծության առավելությունների ու ներկա դժվարությունների մասին: <<Արևի, անձրևի տակ ամիսներ շարունակ տանջվում ենք, բայց արդյունք չենք ստանում: Իրացման հարցն առաջ ավելի հեշտ էր լուծվում, այսօր շատ բարդ է>>,-ասում է։

<<Առաջ շատ լավ էր, սկեսրայրս կոլխոզում վարորդ էր աշխատում, հինգ տղա, հինգ հարս էր պահում՝ թոռներով, ծոռներով>>,- պատմում է տիկին Գյուլբարին: Ոչխարաբուծությունից չի հոգնում, չի ձանձրանում, իր գործն է, ասում է, միայն թե աշխատանքի արդյունքն է ուզում տեսնել, որպեսզի զավակների աչքը դրսում՝ դեպի Ռուսաստանն ուղղված չլինի:

Եզդի երիտասարդներից շատ շատերն են այսօր պանդխտության ցուպը բռնել՝ ասում է։ Տիկին Գյուլբարին այլ երազանքներ ունի, որպեսզի եզդիների հարյուրավոր տարիների ավանդույթները պահպանվեն ու ընտանիքի բարեկեցության հիմքը լինեն: Ազգային ավանդույթների պահպանման ու դրանցով տունն ու հայրենիքը շենացնելու կողմնակից է նաև գառնեցի Իսկուհի Հովհաննիսյանը: Նա հացթուխ է, լավաշ է թխում՝ այն էլ կավե թոնրում։

Հայաստանյան գյուղերում այսօր իսկապես խնդիր է կավե թոնիր ու թոնրի լավաշ գտնելը: Ավանդական թոնրին մեր բազմաթիվ համայնքներում վաղուց փոխարինել են մետաղյա վառարանները: Տան տիկինները գործը հեշտացել է, լավ է, բայց լավաշի համն այլևս այն չէ: Գառնիում իրավիճակն այլ է: Կավե թոնիրները հիմնականում պահպանվել են, ավելին՝ Գառնու լավաշն այսօր բրենդ է դարձել, և ոչ միայն Հայաստանում: Գառնեցի կանայք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան հատուկ լավաշ թխելու նպատակով։

Գառնեցի կինն այս պահին էլ Ռուսաստանում որպես հացթուխ աշխատելու առաջարկություն ունի, բայց մեկնել չի ցանկանում: Երեխաներն արդեն մեծացել են, նյութական ծանր խնդիրները հիմնականում լուծել է, ցանկանում է թոռների կողքին լինել:

Գառնիում հարսների որակն այսօր որոշում են լավաշ թխելու կարողությամբ: <<Ասում են թոնրի լավաշ է թխում, վաճառում, ուրեմն կարգին աղջիկ է>>,- զրույցի ավարտին տեղական մտածողության առանձնահատկություններին է ծանոթացնում տիկին Իսկուհին։

 

Back to top button