ԿարևորՎերլուծականՏնտեսական

Հայաստանը երեք տարի առաջ հայտարարեց ԵՏՄ- ին միանալու մասին

hasmikdilanyan

Ի՞ նչ տվեց Հայաստանի տնտեսությանը Եվրասիական տնտեսական միությունը: Վիճակագրությունը՝ նույնն է, կարծիքները՝ տարբեր: Նշենք, որ  Հայաստանը ԵՏՄ  որևէ երկրի հետ ընդհանուր սահման չունի։ Այս հանգամանքը դժվարություններ է ստեղծում,  որը չի հերքում անգամ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Մեր երկիրը ԵՏՄ  երկրների հետ կապող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, որը պարբերաբար, հատկապես հայ տնտեսվարողների համար կենսական նշանակության ժամանակահատվածում, գրեթե միշտ փակ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում Գործատուների  հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն  ընդգծել է՝  արտահանման մասով  Մաքսային միությունը Հայաստանին համարյա ոչինչ չտվեց։

 

2013թ սեպտեմբերի 3- ը փոխեց Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման վեկտորը: Տարիներ շարունակ եվրաինտեգրման ճանապարհով գնացող Հայաստանը երեք տարի առաջ այս օրը փոխաց իր ուղին։ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու պետության որոշման  մասին:  Մեր երկիրը  ԵԱՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը ստորագրեց 2014թ. հոկտեմբերի 10-ին, իսկ ԵԱՏՄ-ին միացավ  2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների մեջ առանձնահատկություն ունեցող միակ երկիրն է՝ անդամ երկրներից և ոչ մեկի հետ ընդհանուր  սահման չունի: Իսկ այն, որ սա իրենից դժվարություն է ներկայացնում, խոստովանում է անգամ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությունը ժամանակային առումով համընկավ Ռուսաստանում սկսված տնտեսական անկման հետ, որոնք պայմանավորված էին ինչպես նավթի միջազգային գների անկումով, ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներով, այնպես էլ այս երկրում ի հայտ եկած տնտեսության կառուցվածքային խնդիրներով։

Եվրոպականից դեպի Եվրաինտեգրում անցման մասին հայտարարությունից անցել է երեք տարի։ Փորձագետների գնահատականները, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում:  Հայաստանի արտահանման հիմնական գործընկերը եղել ու մնում է ՌԴ-ն: ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝   Բելառուսի , Ղազախստանի,  Ղրղզստանի հետ առանձնապես արտահանման ծավալների աճ չի գրանցվել:

Իսկ այն, որ ՌԴ արտահանման ծավալներն ավելացել են, այս տարվա օգոստոսի 10-ին Մոսկվայում  հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝  հակառակ տնտեսությունում տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ վեց ամիսների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ մոտ 90 տոկոսով, և փաստացիորեն հասել է կես տարվա պատմական առավելագույնին:

ՀԳՀՄՆ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է. «Արտահանման առումով Մաքսային միությունը Հայաստանին համարյա ոչինչ չտվեց: Ինչպես ՌԴ- ն նախկինում կար  հիմնական գործընկեր, այդպես էլ մնաց: ՄՄ մտնելը արտահանման մասով էական փոփոխություն չի տվել»:

Արտահանման  մասով    Գագիկ Մակարյանն ընդգծում  է  ԱԱՀ վերադարձի հաշվանցման գործընթացի ձգձգումը: Արտահանողները մոտ տասը ամիս կամ համարյա մեկ տարի հետո են հնարավորություն ունենում ստանալ գումարը։ Խնդիրը, ի դեպ, քննարկվում է ԵԱՏՀ  տարբեր նիստերում, սակայն վերջնական լուծումներ դեռ չեն նկատվում:

Ներմուծման մասով Մակարյանն ընդգծում է՝  մի քիչ շահել ենք, սակայն կրկին  նորից ավելի շատ ՌԴ-ից ենք ներմուծել՝ մեքենա  կամ սարքավորում:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ընդգծում է՝  ԵԱՏՄ անդամակցությունից հետո  Հայաստանի  ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ՝ անկում, անկում է արձանագրվել նաև արտաքին շրջանառության ոլորտում, ինչպես նաև ավելացել է պետական պարտքը:  Բացի այդ, Հայաստանը, ըստ տնտեսագետի, կորցրեց մի քանի միլիարդ  եվրո դրամաշնորհ, որը պետք է տրամադրեր ԵՄ-ն։ «Հայաստանը, ըստ էության, անդամագրվելով ԵԱՏՄ- ին կորցրել է իր սուվերենությունը, ինչը շատ կարևոր է տնտեսական զարգացման համար»,- Աշոտ Եղիազարյանն անգամ  Հայաստանը՝ Իրանի համար ԵԱՏՄ երկրներ կամուրջ  դառնալուն չի հավատում:

Գագիկ Մակարյանը սակայն լավատես է, նա կարծում է, որ Հայաստանը կարող է  և պետք է կամուրջ հանդիսանա թե Իրանի, և թե եվրոպական մի շարք երկրների համար: Այս համատեքստում ինչ որ քայլեր արվում են՝ ասում է զրուցակիցս ու ընդգծում՝ եվրոպական երկրները հետաքրքրված են Իրանով,  նրանք Իրան կարող են շատ արագ թափանցել  Հայաստանից՝ եթե իրենց կազմակերպությունները գրանցեն մեր երկրում:

Մահմեդական Իրանն ունի իր մշակույթն ու առանձնահատկությունները, եվրոպացի ներդրողներն այս երկրում  գրասենյակ հիմնելիս պետք է ենթարկվեն իրենց օրենքներին ,  կա նաև լեզվի՝ հաղորդակցման խնդիր, մինչդեռ բիզնեսն ունի իր հետաքրքրությունները՝ ներդրումից բացի ալկոհոլ ու ժամանց: Մակարյանը կարծում է, որ այդ խնդիրը եվրոպացիների համար կլուծվի, եթե նրանք գրասենյակ հիմնեն Հայաստանում ու հատկապես Սյունիքում: Նույն՝ փոխադարձ  հետաքրքրությունն ունի նաև Իրանը: ԳՀՄ նախագահի հաշվարկներով՝  Իրանը մեր երկրում տարեկան կարող է 1000 գրասենյակ բացել, աշխատատեղեր ստեղծել:

GSP +համակարգի մասին Գագիկ Մակարյանը նաև Ղազախստանի ու Բելառուսի իր գործընկերներին է  պատմել, այս երկրներում, սակայն, սկզբունք են որդեգրել՝  ներդրումներ չանել այլ երկրներում։ Ղազախստանը, օրինակ,  Հայաստանից մասնագետներ է  խնդրում՝  իր   երկրներում ներդրում կատարելու, գրասենյակներ բացելու համար՝ ասում է զրուցակիցս:

Տնտեսական առևտուր երեք երկրների հետ չկա, ավելի շատ քաղաքական հարաբերություններ են, միակ տնտեսական ու քաղաքական  հարաբերությունը ՌԴ  հետ է՝ ամփոփում է Գագիկ Մակարյանը:

Այս դեպքում ինչու փոխվեց  տնտեսական ու ընդհանրապես քաղաքական ուղղվածությունը։ ԳՀՄ նախագահի պատասխանը հստակ է.  «Հայաստանը  խելամիտ զգուշավորություն դրսևորեց՝ դժգոհության կիզակետում չհայտնվելու համար»:

Հիշեցնեմ, ԵԱՏՄ անդամակցելու առավելությունները նշելիս հիմնական շեշտադրումն արվում է անվտանգության, աշխատուժի ազատ տեղաշարժի,  ԵԱՏՄ հսկայական շուկայում  ուրույն տեղ գրավելու, տնտեսավարողներին տրամադրվող արտոնությունների մասին: Դե իսկ,  ֆիզիկական անձանց համար  այս տարի Հայաստանի  կառավարությունը որոշեց   հրաժարվել ԵԱՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացած արժեքի հարկի գանձումից:

Կարդացեք նաև

Back to top button