

Սեպտեմբերի 4-ին նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: Նիկոլայ Գրիգորյանը ասում է, որ Հայաստանը 25 տարի անց օգնություն ու փրկարար ներմուծող երկրից դարձել է դեպի Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Թուրքիա, Իրան, Սիրիա օգնություն, փրկարարության փորձ ու գիտելիք արտահանող երկիր:
Ի դեպ՝ այս տարվա դեկտեմբերին խաղարկելու են երկրաշարժի սցենարով ուսումնավարժություն և այն դառնալու է մշտական: Ընդգրկվելու են բոլոր մարզերն ու Երևանը: Նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը: Իսկ բնակչությանը պատրաստելու ուղղությամբ ուսումնասիրել են Ճապոնիայի, Չիլիի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձերը, վերցրել են լավագույնը և համապետական, խոշոր, հանրային քարոզչական արշավներ են իրականացնելու՝ ընդգրկելով բնակչության բոլոր խավերին՝ սկսած նախագահական նստավայրից մինչև ամենահեռավոր համայնքի մանկապարտեզ: Սակայն ոլորտի ձեռքբերումները այսքանով չեն սահմանափակվում։
Գրիգորյանը շարունակում է ներկայացնել ոլորտում արձանագրված հաջողությունները: Ձեռքբերումներից մեկն էլ համարում է այն, որ այսօր ԱԻՆ- ում աշխատում են սայլակավոր հաշմանդամներ, ովքեր իրենց մեկուսացված չեն զգում, ովքեր պարբերաբար մասնակցում են մշակութային ու մարզական միջոցառումներին:
Եվ անցում արդեն ոլորտի խնդիրներին, թե ինչու երկար ժամանակ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը չէր մարվում: Լրագրողի այս հարցից մի փոքր նեղսրտում է ԱԻՆ պաշտոնյան, բայց նշում՝ հրդեհի մարման աշխատանքները երկար տևեցին, քանի որ բռնկված խոտը չոր էր, բռնկվում էին նաև որոշ ցածր ծառեր, ուժեղ քամի էր, որն անընդհատ տարածում էր կրակը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե որն է եղել հրդեհի բռնկման հիմնական պատճառը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:




