ՎերլուծականՔաղաքական

10 տարում Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով 700 հազ. եվրո է փոխհատուցել

lusinevasilyan

Կառավարության  այսօրվա նիստում անդրադարձ է եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների: Վարչապետի հանձնարարականով վերջին 3 տարիների վիճակագրությունը հակիրճ ամփոփել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը: Դավիթ Հարությունյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 3 տարիներին Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ  335 հազար եվրո է վճարել Եվրոպական դատարանում վեճը շահած դիմումատուներին:

 

Հարցի պատասխանը, թե ինչ անել, որ քիչ բողոքներ գնան ՄԻԵԴ և քիչ վճիռներ կայացվեն ընդդեմ Հայաստանի, մեր երկրի դատական համակարգում է. որքան կայացած է դատական համակարգը, այնքան քիչ են դատական սխալները, իսկ որքան քիչ են այդ սխալները, այնքան քիչ գանգատներ են ուղղվում Եվրոպական դատարան:

Գործադիրի այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվում էր հենց այս հարցով. որն է պատճառը, որ ամեն տարի Հայաստանը տասնյակ հազարավոր եվրոների փոխհատուցումներ է վճարում: «Պատճառները, կարծում եմ, պարզ են. մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»:

Մինչ այս պարզաբանումը Դավիթ Հարությունյանը ամփոփ  ներկայացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի վերջին 3 տարիներին  կայացված վճիռների վիճակագրությունը: Ըստ դրա՝ 2014 -ին Հայաստանի դեմ 4 վճիռ   է կայացվել,  վճարվել է 166 հազար եվրո, 2015 -ին 8 վճիռ ՝86 հազար եվրո, իսկ 2016-ը դեռ չի ավարտվել, բայց 8 վճիռ արդեն կայացվել է և վճարվել գրեթե այնքան, որքան  նախորդ ողջ տարվա ընթացքում՝ 83 հազար եվրո:

Իսկ եթե փորձենք վիճակագրությունն ամփոփել ավելի մեծ կտրվածքով, ապա պատկերն այսպիսին է. վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից Եվրադատարան 2000-ից ավելի գանգատ է ուղղվել, դրանցից վճիռ  դարձել է 50-ից փոքր- ինչ ավելին: Հայաստանի կառավարությունը դիմումատուներին ընդհանուր առմամբ մոտ 700 հազար եվրո է փոխհատուցել: Փաստաբան Հայկ Ալումյանը ճշգրտում է՝ այս գումարը միայն վճիռներով սահմանված փոխհատուցումներն է ներառում: «Եթե նաև վերցնեք այն վիճակագրությունը, թե նախքան վճիռներ կայացնելը որքան մարդու է պետությունը փոխհատուցել, որ գանգատներից հրաժարվեն, սա հաշտեցում է կոչվում, ապա այդ թիվը կարող է կրկնապատիկ կամ եռապատիկ լինել»:

Քանի դեռ քաղաքացին փորձում է իր իրավունքները պաշտպանել երկրի դատական ատյաններում, խնդիրը նրա և դատական համակարգի միջև է: Իսկ ՄԻԵԴ- ում վճիռ դառնալուց հետո խնդիրն արդեն  տեղափոխվում է պետություն-պաշտոնյա հարթություն: Պետությունը քաղաքացուն փոխհատուցում է դատական սխալի համար՝ ասում է Ալումյանը և հիշեցնում Մատաղիսի գործը, որն ինքն էր ՄԻԵԴ-ում պաշտպանում ու որով այս տարվա մարտի 17-ին կայացված  վճիռը մեր կառավարությանը պարտավորեցրեց 50 հազար եվրո փոխհատուցում վճարել դիմումատու 3 զինծառայողներին: «Պետությունը պետք է խնդիր ունենա կամ չունենա այն պաշտոնյայի հետ, ում պատճառով ինքը տուժել է, վնասել է իր հեղինակությունը եվրոպական կառույցներում: Սա պետության  որոշելիք հարցն է»:

Իրավական լուրջ ու հին վեճ կա , թե արդյո՞ք այն դատավորը, ում պատճառով իրավունքներ են խախտվում, իսկ պետությունը տուժում է ֆինանսապես, պետք է անձնական պատասխանատվության ենթարկվի կամ փոխհատուցումն ասենք վճարի իր գրպանից: Մոտեցումները միանշանակ չեն՝ մասնագետների մի մասը կողմ է այս մոտեցմանը, մյուս մասը  համոզված է, որ  սա վտանգ է  դատավորի անկախության համար: Հայկ Ալումյանը երկրորդ մոտեցման կողմնակից է։ «Բայց չէ որ շատ խնդիրների դեպքում խնդիրը դատավորը չէ: Լավ, ասենք, չենք ուզում դատավորների վրա անձնական պատասխանատվություն դնել, բայց մյուս մեղավորների հարցն ինչու ենք օդում թողնում»,- ասում է։

Այդուհանդերձ, փաստաբանը համոզված է՝ կարևորը հետևություններն են, առնվազն այն, որ ՄԻԵԴ վճռով արձանագրված խախտումները հետագայում չկրկնվեն: Ի դեպ, այս առումով լավատես է, կարծում է, որ ՄԻԵԴ վճիռները դանդաղ, բայց բարեփոխում են  Հայաստանի դատական համակարգը: «ՄԻԵԴ ցանկացած վճռից հետո մեր դատական համակարգում ինչ-որ բան փոխվում է, համենայն դեպս այդ սխալներից աշխատում են խուսափել»:

ՄԻԵԴ-ում նախկին դատավար, այժմ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը նույնպես համոզված է, որ Եվրադատարանի վճիռները, ընդհանրապես եվրոպական նախադեպային իրավունքը ուղղորդող նշանակություն ունի դատական համակարգի համար:

Ավելին՝ Դատական օրենսգրքում ամրագրված է, որ դրանք պարտադիր են մեր դատարանների համար: «Եթե կարդաք մեր դատարանների վճիռները, կտեսնեք , որ համարյա բոլորում հղում կա եվրոպական նախադեպային իրավունքին: Այլ հարց է, թե այդ հղումները որքանով են ինքնանպատակ»:

Մնում է սպասել վարչապետի հաջորդ հանձնարարականին, որը ցանկալի կլինի ներկայացնի, թե ինչ հետևություններ են արվում ՄԻԵԴ վճիռներից հետո արդարադատության ոլորտում ու ինչպես են փոխում իրավիճակը:

Back to top button