
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ՝ չհստակեցնելով, թե որտեղից է տեղեկացել Ուզբեկստանի առաջնորդի մահվան մասին:
Ուզբեկստանի կառավարությունը, հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Թող Ալլահը հանգստություն բերի նրա հոգուն: Թուրքիայի Հանրապետության անունից Ուզբեկստանի ժողովրդին խորը ցավակցություն եմ հայտնում»,- ասել է Յըլդըրըմն Անկարայում՝ կառավարության նիստի ժամանակ:
Նշենք, որ այսօր Ռոյթեր գործակալությունը ևս նշել էր, որ Քարիմովն արդեն մահացել է: Մեկնաբանելով Ուզբեկստանի նախագահի մահվան մասին միջազգային լրատվամիջոցների տարածած լուրը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հորդորել է սպասել պաշտոնական տեղեկության: Քարիմովի վատառողջ լինելու մասին Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրները հայտնել էին օրերս, սակայն նախ տեղական, իսկ ապա նաեւ միջազգային ԶԼՄ- ներն իրենց աղբյուրները վկայակոչելով արդեն մի քանի օր է հայտնում են, որ Քարիմովը մահացել է։




