ԿարևորՎերլուծականՔաղաքական

Ընտրական օրենսգիրք. գործընթացի վե՞րջ, թե՞ նորի սկիզբ

lusinevasilyan

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստ հրավիրեց և  չեղյալ համարեց Ընտրական օրենսգրքում հունիսի 30-ին կատարված փոփոխությունները:  Խորհրդարանը, հիշեցնենք, նախագիծն ընդունել էր նախապայմանով՝  փոփոխություններն  ուժի մեջ կմտնեն, եթե ապահովվեն դրանք իրագործելու համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական  միջոցները:  Վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն էր: Մինչ այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարություն աներ:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրավոր տեղեկացրել է, որ  փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները նշված ժամկետում հնարավոր չէ ապահովել։

 

Եվ այսպես, այն փոփոխությունները, որոնք 4+4+4 ձևաչափով ընդդիմությունն ու իշխանությունը քննարկում էին  ամիսներ շարունակ և որոնք ի վերջո նախագծի տեսք ստացան ու ընդունվեցին Ազգային ժողովի կողմից, չեղյալ են համարվում: Կառավարությունը հայտարարում է, որ  փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները հնարավոր չի եղել  ապահովել։

Խոսքը, հիշեցնեմ, մի շարք առանցքային փոփոխությունների  մասին էր՝ մատների թանաքոտում, միայն նույնականացման քարտերով գրանցում, բոլոր տեղամասերում ընտրական գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակման ապահովում: Սրանք այն փոփոխություններն էին, որոնց ներդրումը պետք է մեծացներ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը:  Դրանք, ի դեպ, ընդունվել էին աննախադեպ կամ մինչ այժմ օրենսդրական պրակտիկայում չկիրառված նախապայմանով. դրանք ուժի մեջ կմտնեն անհրաժեշտ ֆինանսավորումը  կամ անհրաժեշտ 16 մլն դոլարը միջազգային կազմակերպություններից  ապահովելուց հետո միայն:

Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը համաձայն չէ գնահատականին,  թե մի քանի ամիս շարունակված  և անգամ աննախադեպ համաձայնություն որակումը ստացած գործընթացը փաստորեն տապալվեց կամ իրական արդյունք այդպես էլ չգրանցեց: «Արդյունքը միայն այդ փոփոխություններով չէր ապահովվելու, մենք բազմաթիվ այլ մեխանիզմներ ենք ներդրել օրենսգրքում: Բացի այդ ՝ չի բացառվում, որ քննարկումները շարունակենք ու որոշ հարցերի շուրջ փորձենք ընդհանուր հայտարարի գալ»:

Իսկ  ընդդիմադիրների քննադատությանը, թե անհրաժեշտ միջոցներ չապահովելը ցանկության պակասի կամ քաղաքական կամքի բացակայության խնդիր էր, Հովհաննես Սահակյանն արձագանքում է ԿԸՀ նախագահի հայտարարությանը հղում անելով: Պատճառները հստակ նշվեցին՝ ասում է: «Ըստ էության՝ արձանագրվեց, որ խնդիրն արդեն ֆինանսները չեն: Ես հորդորում եմ ուշադիր կարդալ Դավիթ Հարությունյանի գրավոր պարզաբանումը, որը ԿԸՀ նիստի ժամանակ ընթերցեց Տիգրան Մուկուչյանը»:

Իսկապես, ԿԸՀ-ին ներկայացված պարզաբանման մեջ անուղղակիորեն նշվում է, որ խնդիրը ոչ թե ֆինանսներն են, այլ  փոփոխությունների իրագործման տեխնիկական անհնարինությունը:  Ասվում է, որ  փոփոխությունների իրականացումը ամիսների աշխատանք է պահանջում, իսկ դա բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը: Լեհական PWP ընկերությունը, մասնավորապես, որին կառավարությունը դիմել է նոր համակարգի մշակման համար, ըստ պարզաբանման,  «անհնարին է համարել փոփոխությունների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված ժամկետից ՝ սեպտեմբերի 1-ից»:

Օրենքը միայն ֆինանսների բացակայությունն էր չեղարկման հիմք համարում՝ այսպես արդեն հակադարձում է ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը: «Օրենքով նշված է, որ փոփոխությունները կարող են չեղյալ համարվել միայն ֆինանսների բացակայության դեպքում: Իսկ միջազգային կառույցները վստահեցրել են, որ անհրաժեշտ ֆինանսավորումը կապահովվի»:

Հետևաբար, եթե խնդիրը ֆինանսները չեն, ուրեմն այլ պատճառներ էին պետք փոփոխությունները չիրագործելու համար: Արամ Մանուկյանը համոզված է, որ որոշումը քաղաքական կամքի բացակայությամբ է պայմանավորված: »Սրանով ձեռնոց է նետվում քաղաքական դաշտին, քաղհասրակությանը, միջազգային կառույցներին: Սրանով ասվում է, որ ավելի լավ ընտրություններ չենք ուզում»:

ՀԱԿ-ը, հիշեցնեմ, Ընտրական օրենսգիքրը  իշխանությունների հետ բարեփոխելու նախաձեռնության հեղինակն էր  և  4+4+4 ձևաչափի գլխավոր  մասնակիցը: Հիմա ընդդիմադիր այլ թևերից քննադատություն է լսում, թե մասնակցել է մի գործընթացի, որի արդյունքն ի սկզբանե պարզ էր, այսինքն՝ մաս է դարձել բարեփոխումների իմիտացիոն գործընթացի:

«Ես հեգնանքով եմ վերաբերվում բոլոր այն կարծիքներին, որոնք մարագ  մտած սպասում էին, որ անհաջողություն լինի, իրենք էլ ուրախանան: Սա թամբալ, նախանձոտ մարդու վերաբերմունք է: Մենք էլի ենք աշխատելու, որ ունենանք լավ օրենք: Մուկուչյանի որոշումով այս գործընթացը չի ավարտվում»,- ասում է Արամ Մանուկյանը։

ՀԱԿ-ն ավելի մանրամասն իր վերաբերմունքը կարտահայտի հայտարարությամբ, բայց այս պահին էլ  չի ժխտում,  որ բանակցություններն ավարտված չի համարում: Բանակցելի խնդիրներ թե ՀԱԿ –ում, թե ՀՀԿ-ում դեռ տեսնում են, հնարավոր համաձայնություններ ՝ նույնպես:

Կարդացեք նաև

Back to top button