

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ այսօր Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն է անցկացրել կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նոր ուսումնական տարում որոշակի փոփոխություններ են իրականացվելու հանրակրթության ոլորտում, բեռնաթափվելու են ավարտական դասարանների առարկանները, փոխվելու է քննությունների անցկացման կարգը։
Արմավիրի մարզում կրթության քաղաքականությունն իրականացվում է սահմանված պահանջներին համապատասխան: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը ներկայացրեց այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք ունեցել են նախորդ ուստարում. կազմակերպվել և անցկացվել են առարկայական օլիմպիադաներ, տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դպրոց մրցույթներ։
Կրթության և գիտության նախարարությունը մշակել և իրականացնում է նոր քաղաքականություն՝ կարևորել պետական ազգային կրթակարգ ունենալու խնդիրը: Առաջարկվել է կրթակարգի նախագիծն ակտիվ քննարկել ուսուցչական կոլեկտիվներում՝ ներգրավելով ծնողներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Կրթության չափորոշիչների համաձայն՝ դպրոցներում սպասվում են բեռնաթափումներ: Առարկաները լինելու են մատչելի, իսկ մի քանի առարկաների ուսուցումը կկազմակերպվի խմբակներում: Քննարկվեցին նախնական զինվորական պատրաստվածության առարկայի անցկացման կարգը:
Ըստ էության դպրոցն աշխատանքի մեջ է լինելու առավոտյան ժամը 9-ից մինչև 18-ը: Ավագ դպրոցներում հոսքային դասարաններում կանցկացվի 3 առարկայի պարապմունք՝ ըստ սովորողի նախասիրության։ Նա կմասնակցի միասնական քննություններին, դեկտեմբերին կհանձնի մյուս առարկաների քննությունները:
Խորհրդակցությունում քննարկվեցին նաև հավաստագրերի հատկացման, ուսուցիչների մրցույթի անցկացման կարգի, դպրոցներում համընդհանուր ներառման մասին հարցերը: Վերջինս իրականացվել է Սյունիքի մարզում, սկսվել՝ Լոռիում:
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը կարծիք հայտնեց կատարվող փոփոխությունների մասին. «Վաղուց պետք է արվեր դա, քանի որ 12-րդ դասարանցին, հատկապես ավագ դպրոցներում սովորող աշակերտները, ստիպված են միասնական քննությունների հետ հանձնել մյուս առարկաների քննությունները, իսկ հիմա դրանից ազատվելու է նախապես»:
Պետրոսյանը ուրախությամբ նշեց դպրոցների տնօրեններին հավաստագրեր հանձնելու կարգի փոփոխության մասին, որը ժամանակ էր խլում։ Միաժամանակ՝ առաջարկեց բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, քանի որ հիմա դպրոցներում մասնագետ ուսուցիչների պակաս է զգացվում և բուհ ավարտած լավագույն մասնագետը չի գալիս դպրոցում դասավանդելու:




