Հասարակություն

Երեւանում է Ֆրանսիայում հիմնադրված ամսագրի հայազգի հիմնադիրը

karenghazaryan
Երեւանում է  Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագրի հիմնադիր հայազգի Ժան-Ժակ Սարաջյանը: Այսօր առաջին անգամ հանդիպելով լրագրողների հետ՝ նա  խոսել է ամսագրի հիմնադրման նպատակների եւ Ֆրանսիայում հայ համայնքի հետ համագործակցության եւ ապագա ծրագրերի մասին:

 

 

Ժան-Ժակ Սարաջյանը Հայաստան այցելել է մի քանի անգամ՝ գործնական ծրագրերով: դրանք աստիճանաբար կյանքի են կոչվում: Այսօր առաջին անգամ հանդիպեց նաեւ հայաստանյան լրատվամիջոցների հետ: Ողջունեց հայերեն:

Հայերենով դժվարությամբ է հաղորդակցվում, սակայն խոստացավ, որ իր առաջնային ծրագրերի մեջ հենց այս խնդրի լուծումն է: Ասաց, որ ամեն ջանք առաջիկայում ներդնելու է, որ հայերենին տիրապետի ինչպես որ հարկն է, քանի որ, կարծում է, որ համագործակցությունը հայաստանյան լրատվամիջոցների հետ նոր է սկսվում եւ համատեղ ծրագրերը երկար կշարունակվեն:

Ֆրանսահայ մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ Ֆրանսիայում «Նոր հայեր» ամսագիրը հիմնադրել է 2008 թվականին՝ հեռանկարային ծրագրերով: Ամսագրի հրատարակությունը սկսվել է 2010 թվականին:

«Նոր հայեր»-ի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանն ասաց, որ Հայաստանում արդեն ունի պայմանավորվածություններ եւ պայմանագրեր են արդեն կնքվել հայաստանյան լրատվամիջոցներից մեկ-երկուսի հետ՝ մեծ ծրագրեր իրականացնելու համար: Կարծում է, որ սկսվող համագործակցությունը հեռանկարային է եւ օգտավետ ինչպես Հայաստանի, այնպես էլ  ֆրանսահայ համայնքի համար:

«Նոր հայեր»-ի առաջնային հասցեատերը ֆրանսահայերն են, սակայն այն հրատարակվում է նաեւ 7 այլ լեզուներով: Ամսագիրը հրատարակվում է մոտ 500 հազար օրինակով եւ ունի կայքէջ ու ռադիոհեռարձակում: Նպատակը հայության համար մի հարթակ ստեղծելն է, որը կլինի բազմազան եւ օգտակար կլինի հայ համայնքների համար՝ ասաց Ժան-Ժակ Սարաջյանը:

Մենք քննարկում ենք Հայաստանի, նաեւ հայության հետ կապված բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տնտեսությունից, վերջացրած համայնքային կյանքով ու համայնքներում կարեւոր ազդեցություն ունեցող հայերի մասին պատմություններով: Այդ ամենը ներկայացնում ենք առաջին հերթին ֆրանսահայությանը՝ ասաց Ժան-Ժակ Սարաջյանը: Նրա խոսքով՝ ինքը ինտերնետն ուսումնասիրել է եւ նկատել, որ չկա մի այնպիսի կայք, որը տարբեր լեզուներով այդ ամբողջ բազմազանությունը ներկայացնում է ինչպես հայ համայնքներին, այնպես էլ օտարներին:

Կարծում է, որ այն հեռանկարային ու լայն հնարավորություններ ունեցող հարթակ է, որը օգտակար կլինի ինչպես տարբեր երկրներում բնակվող հայության, այնպես էլ հենց Հայաստանի համար: Ժան-Ժակ Սարաջյանը տեղեկացրեց նաեւ, որ 2010 թվականից իրենք մասնակցում եւ լուսաբանում են Կաննի կինոփառատոնը եւ, ըստ էության, այնտեղ հայերին ներկայացնող միակ հավատարմագրված լրատվամիջոցն են: Այս հարցով, նրա փոխանցմամբ, համագործակցում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի հետ:

Ի դեպ, ամսագիրը նաեւ ամբողջությամբ լուսաբանել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ժան-Ժակ Սարաջյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ֆրանսիայի 5 քաղաքներում նախաձեռնել են համերգների շարք՝ ֆրանսիական հայտնի մի բարեգործական կազմակերպության հետ եւ համերգների շարքի հասույթը նախատեսված է փոխանցել Հայաստանում բնակվող երեք երեխայի, որոնք ունեն առողջական լուրջ խնդիներ:

Back to top button