Հասարակություն

Հավասարը հավասարի իրավունքով. կույրերը նույնպես պատրաստ են ծառայել բանակում

hasmikdilanyan
2016 մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց համար  հավասար հնարավորությունների տարի է  հայտարարված: Կառավարությունը դեռ նախորդ ամռանն էր որոշել այս մասին, հաստատել   միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Այս ոլորտում ներառման քաղաքականություն որդեգրած Հայաստանում, արդյո՞ք հաջողվում է  ներդնել հավասարը հավասարի իրավունքով սկզբունքը: Շահառուների մոտ հարցի պատասխանները տարբեր են՝ ինչ-որ քայլեր ձեռնարկվում է, այլ է, թե որքանով են դրանք արդյունավետ: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները, ովքեր տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, վստահեցնում են՝ հասարակության լիարժեք անդամ են, պատրաստ են անգամ զինվորական ծառայության մեկնել, միայն թե նրանց պետք է տրվի այդ հնարավորությունը:

 

Նրանք հաղթահարեցին   հասարակության խղճահարությունն  ու նաև ՝ անտարբերությունը: Ավելին,  հավասարը հավասարի  սկզբունքով երկար փնտրեցին, սակայն, գտան աշխատանք ու բացահայտեցին երջանիկ լինելու բանաձևը: Անդրանիկի նպատակը մանկության տարիներից էր գալիս՝ ապրել բոլորի նման ու նաև՝ տարբեր:  Այդ ճանապարհին սակայն,  բախումն  անխուսափելի էր. այն սկսվեց  Երևանի թիվ 14  հատուկ դպրոցն ավարտելուց  անմիջապես հետո:

Անդրանիկն իր առջև հստակ  նպատակ ուներ՝ ինտեգրվել հասարակությանը, մասնագիտություն ստանալ, ավարտել բուհը:  Երևանի  Տնտեսաիրավագիտական համալսարանում թե՛ համակուրսեցիներին, և թե՛ հատկապես  դասախոսներին ժամանակ էր պետք՝ հասկանալու համար.  Անդրանիկը իրենցից  մեկն է:  Նա այսօր էլ կարծում  է, որ հասարակության լիարժեք անդամ է, պատրաստ է անգամ զինվորական ծառայության մեկնել:

«Կարող եմ նույնիսկ ասել, որ մենք կարող ենք ծառայել բանակում, ու համոզված եմ, որ այնտեղ ինչ որ բան կգտնվի, որ թեկուզ սայլակով կամ կույր մարդը հաստատ կանի, դա խնդիր չի»:

Անդրանիկը գիտեր՝ առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում դժվար էր աշխատանք գտնել:  Փնտրեց,  դժվարությամբ,  սակայն, գտավ: Երևանի կենտրոնում՝ մեզ ծանոթ ու գուցե անծանոթ մի վայրում Անդրանիկն ընկերների հետ մերսման սրահում աշխատում է հավասարը  հավասարի սկզբունքով:

Արթուրը նրա կոլեգան է: Առողջական խնդիրները տղաներին չեն խանգարում, որպեսզի հաճախորդներին բարձրակարգ սպասարկում ապահովեն: Ավելին, մեկ անգամ այցելողը դառնում է  մշտական հաճախորդ: Առայժմ  հիմնականում զբոսաշրջիկներն են օգտվում նրանց ծառայություններից:

Արթուր Թադևոսյան.«Սկզբում մի քիչ չէին վստահում,  բայց որ գալիս են ու իրենց վրա մերսումը զգում են,  հետո մերսման համար տեսողությունը ընդհանրապես  կապ չունի: Առաջինը  ֆիզիկական ուժ, շոշափելիքը զարգացած լինի դա է կարևորը, և շատ համեբարտար պետք է լինի: Շատ ունենք այցելուներ, որ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ գալիս են, ունենք նաև որ բժշկական մերսում ենք անում տասը օրով գալիս ենք: Տղամարդիկ ավելի քիչ են, հիմնականում կանայք են»:

hashmandam2016 մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց համար  հավասար հնարավորությունների տարի է  հայտարարված: Կառավարությունը դեռ նախորդ ամռանը որոշեց,  միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը հաստատեց:   ՀՀ-ն հաշմանդամության ոլորտում որդեգրել է  ներառման քաղաքականություն. ինչն էլ ենթադրում է՝  հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ, հավասար պայմաններ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի  նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը  վերջին տարիներին իրականացրած աշխատանքների    արդյունքը տեսնում է: Այն տեսնում են նաև իրենք՝ շահառուները:

Արթուր Քոչարյան .«Ինչ որ քայլեր արվում  են, բայց  որքանով  են դրանք էֆեկտիվ, ինչքանով են նոր օրենքները գործում, դա է խնդիրը»:

2016թ հունվարի մեկից գործազրկության խնդրին որպես լուծում` օրենքով պահանջ  դրվեց ` 100-ից ավելի աշխատող ունեցող պետական հիմնարկներն իրենց աշխատատեղերի 3 տոկոսը, մասնավորը` 1 տոկոսը պետք է պարտադիր տրամադրեն հաշմանդամ մարդկանց, եթե ոչ` ամեն անձի հաշվով պետք է վճարեն 300 հազար դրամ, որը կուղղվի այս մարդկանց խնդիրների լուծմանը:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ջեմմա Բաղդասարյանի ակնկալիքներն այս նախաձեռնությունից մեծ  չեն.

Ջեմմա Բաղդասարյան. «Մենք շատ  մեծ հույսեր չենք կապում, որ մեծ  թվեր կունենանք, որովհետև երեք տոկոս քվոտան շատ մեծ թիվ չի տա: Նախնական տվյալներով այս երեք տոկոս քվոտան չի տվել մեծ արդյունք, սակայն, կաևորը երևույթն է, ներդրումը»:

Հասարակական հատվածում էլ  դեռ թվեր չկան:  Նրանք պաշտոնական  վիճակագրությանն են սպասում:  Սպասում են նաև  «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների և սոցիալական կիրառման մասին» օրենքի ընդունմանը: Նախագիծն այժմ,   քննարկման վերջնական փուլում է, այն նախ կառավարություն կներկայացվի, հետո այն կհաստատի ԱԺ-ն»:

Ներառական կրթության ոլորտում առաջընթաց  ունենք, 180 դպրոցում  3 հազար հաշմանդամություն ունեցող երեխա ներառական կրթություն է ստանում: Կրթության ոլորտում  խնդիրների առջև  հաշմանդամը կանգնում է այն պահից, երբ որոշում է  բարձրագույն կրթություն ստանալ: Այս խնդիրն էլ առաջիկա տարիներին կլուծվի: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում  աշխատանքային խումբ է ստեղծվել, որի անդամները   չափորոշիչներ կմշակեն՝   բուհերի  ղեկավարներին  պարտադրելով   շենքերը մատչելի  դարձնել  նաև  հատուկ կարիքներ ունեցողների համար:  Նպատակը՝ կրկին հավասար հնարավորությունների ստեղծումն է:  Նոր ուսումնական տարվա մենկարկին կարիքները գնահատված կլինեն, սակայն, ոչ հարմարեցված:

«Շինարարական  աշխատանքների կառուցումը բոլորս գիտենք, որ մեծ ֆինանսական ներդրում է  պահանջում: Բոլորս հասկանում ենք, որ շենքը, որը կառուցվել է 50 կամ 60 տարի առաջ, այսօր վերակառուցելը շատ մեծ ջանքեր կպահանջի: Մենք փորձում ենք մինիմում ստեղծել այն պայմանները, որ կարողանան սովորել»,- ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Առջևում նոր ուսումնական տարին  է, և 2016-ին էլ սահմանափակ կարողություններով  քաղաքացիները դեռ  բուհում չեն կարողանա հավասարը հավասարի իրավունքով կրթություն ստանալ:

 

Back to top button