

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սննունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Արթուր Սարգսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ պաշտպան Տիգրան Եգորյանի բողոքը՝ միևնույն ժամանակ մերժելով նաև կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այս որոշումը պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոքարկել:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն իր ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը սնունդ էր հասցրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին։
Ի սկզբանե նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը), կարճ ժամանակ անց մեղադրանքը վերաորակվեց և մեղադրանք առաջադրվեց՝ զենք պահելուն և կրելուն օժանդակելու և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ:
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց նաև, որ առաջադրված մեղադրանքը Սարգսյանը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալ:
Այսօր՝ վերաքննիչ որոշման հրապարակման, Արթուր Սարգսյանը ներկա չի գտնվել:
Աղբյուր` Փաստինֆո




