

Նախորդ շաբաթ տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում է նաև տասը տարվա ընթացքում 700 աշխատատեղ ստեղծել: Բնապահպանները սակայն ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում են ահազանգ հնչեցնել՝ ծրագիրը վերջ կդնի Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի ու զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը, կվնասի Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհին:
Առողջարանային Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բնապահպանների, ծրագիրն իրականացնողների ու պաշտոնական տեսակետները որևէ կերպ չեն խաչվում: Օրերս հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի իրականացումը, օտարերկրյա լայնածավալ ներդրումների փաստն ու նշեց, որ այն կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:
Բնապահպանները սակայն չեն դադարում ահազանգել՝ իրականում այս ծրագիրը պարզապես վերջ կդնի Ջերմուկի որպես առողջարանային քաղաքի կենսագրությանը: «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ, բնապահպան Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ Ջերմուկի հանքային ջրի բաղադրությունն աշխարհում միայն Չեխիայի Կարլովի Վարիի հանքային ջուրն ունի: Այժմ վտանգված է հանքային այս ջրի ճակատագիրը, ավելին՝ պայթեցման աշխատանքները նաև քաղաքի խմելու ջրի աղբյուրներին են վնասելու:
«Նույնիսկ երբ Ջերմուկում շենք են կառուցում, ֆունդամենտի պայթեցումներ չեն անում, քանի որ ցանկացած ցնցում առաջացնում է ջրի աղբյուրի կորուստ: Բաց ապարների ազոտային միացությունները, նիտրատները և այլ քիմիական տարրերը կաղտոտեն ջրերի ստորգետնյա ավազանը: Այսինք՝ այդ ջրերը կլցվեն նաև Սևան, իսկ Սևանի ջրհավաք ավազանի մեջ է մտնում Կեչուտը, Սպանդարյանը, Արփան: Նազելի Վարդանյանն ասում է, որ արդեն երկու առողջարան պայմանագիր են կնքել ու դրանք որպես հանրակացարան տրամադրելու են 1900 բանվորների՝ բնակության համար: Սա նաև ծրագրում է ամրագրված՝ ընդգծում է:
Վտանգված են Կարմիր գրքում գրանցված կենդանիներն ու բույսերը՝ շարունակում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Վերջին տարիներին խոսելով մեր երկրում կատարվող օտարերկրյա ներդրումների մասին ՝ ոլորտի պատասխանատուների ակնկալիքները մեծ են այս ծրագրից: Բացի տնտեսական աճից՝ ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում, ինչի մասին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն է փաստում՝ նշելով.
«Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»:
Հանքավայրի շահագործումը Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը առասպել է համարում: Ամուլսարի հանքավայրը 1961-1963թթ խորհրդային երկրաբաններին կողմից արդեն ուսումնասիրված Կաքավասարի հանքավայրն է՝ տեղեկացնում է աշխարհագրագետը: Չանտեսելով Ջերմուկի ու հարակից բնակավայրերի տնտեսական ակտիվ գործունեության կարևորությունը՝ բնապահպանները վստահեցնում են՝ առողջարանային քաղաքով էլ միայն կարելի էր այդ եկամուտները ստանալ՝ միայն թե այն ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ներդրում է:




