

«Ազգային բազմաթիվ խնդիրների տարափի մեջ ազգային երգ-երաժշտության կարևորությունն այսօր անտեսված է, բայց ազգապահպանության հիմքում հենց սա է դրված»,-համոզված են երգիչ-երգահան Արսեն Համբարյանն ու ազգային-հայրենասիրական բազմաթիվ երգերի հեղինակ Գուսան Հայկազունը: Արվեստագետները ցավ են ապրում, որ անճաշակ արվեստն այսօր խրախուսվում է պետական մակարդակով, իսկ ազգային արվեստը միայն ստվերում է:
«Եթե ազգային երգը նահանջել է, ուրեմն նոր սերնդի դաստիարակության հարցում լուրջ խնդիր ունենք, որովհետև ազգային երգն ու երաժշտությունը մարդու միտքն ու հոգին սնուցող միջոցներն են». իր խոսքը հիմնավորելու համար երգիչ-երգահան Արսեն Համբարյանը հիշեցնում է Կոմիտասի խոսքը «Մոկաց Միրզայի» մասին. «Այս երգում մեր լեռների ուժն է: Ձենով Օհանը գուցե հենց սրանով էլ կրթում էր Սասնա Դավթին»: Երգահանի համոզմամբ մեր ազգային երգում սերտելու արժանի ավելի շատ պատմական դասեր կան, քան պատմության դասագրքերում:
«Ազգային այնքան խնդիրներ ունենք այսօր, որ շատերին չի էլ հետաքրքրում ազգային երգ-երաժշտության կարևորությունը, բայց ազգապահպանության հիմքում հենց դա է դրված»,-ասում է: Մեծ ցավ է ապրում, որ անճաշակ երաժշտությունն այսօր խրախուսվում է պետական մակարդակով: Դրանում համոզվելու համար, ըստ նրա, բավական է միայն թերթել պետական կոչումների արժանացած երգիչ-երգչուհիների ցանկը: Փոխարենը՝ ստվերում են նրանք, ովքեր ստեղծում են այն ինչ անհրաժեշտ է ազգին և ոչ թե այն, ինչ լավ է վաճառվում:
Գուսան Հայկազունին շատերն անծանոթ են, փոխարենը բազմաթիվ երգիչներ սիրով կատարում են նրա երգերը: Գուսանը դեմ չէ, ավելին՝ ասում է, որ ուրախանում է, միայն թե իր երգերը չաղավաղեն, մեկ-մեկ էլ հիշեն հեղինակի անունը:
Աղավաղումներից զերծ մնալու համար գուսանի հետ երգի, այսպես ասած, օրիգինալ տարբերակը ներկայացնելուց հետո երգիչ-երգահան Արսեն Համբարյանը հակադարձում է այն պնդումներին, թե ռաբիսի տարածումն այսօր պայմանավորված է ժողովրդի մեծ պահանջարկով: «Պահանջարկ չկա, կա ընդամենը վատ սովորույթի ձևավորում»,-ասում է արվեստագետը:
Նման սովորույթները ծածկում ու բթացնում են մեր բնազդները: «Մաքրենք դա ու թողնենք մեր միջի մաքրամաքուրը»,-ասում է Համբարյանը:




