
Թուրքիայի հյուրանոցատերերի միության նախագահ Օսման Այըքը թուրքական «Sözcü» թերթին տված հարցազրույցում նշել է, որ չնայած ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին` Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազ մնալ և շատ հեռու է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Այըքը նշել է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները մեծ հույսեր էին կապում օրեր առաջ տեղի ունեցած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից, սակայն դրանք էլ չարդարացան:
«Սպասում էինք, որ հանդիպումից հետո կհայտարարվի չարտերային չվերթների վերսկսման մասին, սակայն այդ սպասումը չիրականացավ: Ժամանակ պահանջվեց»,- հայտարարել է Այըքը:
Վերջինս տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիա է այցելել 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալների համաձայն այդ թիվը հազիվ կազմում է 200 հազար:
Ըստ մասնագետի` ոլորտի հոգսը փոքր-ինչ թեթևացրել են տեղացի զբոսաշրջիկները, որոնց թիվն այս տարի կտրուկ ավելացել է հանգստավայրերի ու հյուրանոցների սակագների իջեցման շնորհիվ: Այըքը նշել է, որ իրենք հույս ունեն այս տարի տեղացի զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 միլիոնի:




