Տնտեսական

Մուտքի արտոնագրի վերացումը կարող է ակտիվացնել հայ- իրանական տնտեսական հարաբերությունները

arminegevorgyan

Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին հուշագիրն արդեն ուժի մեջ է մտել, և երկու պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի մինչև 3 ամիս ժամկետով այցելել հարևան պետություն: ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի  կարծիքով՝ մուտքի վիզաների վերացումը նոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի զարգացման համար, իսկ Իրանը Հայաստանը կարող է օգտագործել՝ Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու համար:

 

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Ժորժ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ Իսլամական Հանրապետության խորհրդարանում նրանք ունեն բոլոր այն իրավունքները ինչպես մնացյալ   230 պատվիրակները; Նշենք, որ Իրանի խորհրդարանում երկու հայ պատգամավոր կա։ Մեր զրուցակից ժորժ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում է Հյուսիսային Իրանում բնակվող հայերի շահերը։ Ասում է ,որ իրեն հաջողվել է մի քանի կարևորագույն օրինագծերում  փոփոխություններ կատարել՝ քրիստոնյաների  իրավունքների հետ կապված: «Իսլամական համակարգի մեջ կա  «դիե» հասկացողություն։ Այսիքն՝ եթե պատահում է  սպանություն, դա լինի վթարի ու այլ պատճառներով, ապա  սպանվածի ու մահացածի հարազատները կարող են արյան գին պահանջել: Ըստ իսլամական  օրենքների՝ քրիստոնյաների  արյան դիմաց ավելի քիչ էին վճարում, իսկ հիմա խորհրդարանը լուծում տվեց ու արյան գինը հավասարվեց»,- ասում է։

Ժորժ Աբրահամյանը շեշտում է, որ իրենց ներկայությունը Իրանի  խորհրդարանում  հնարավորություն է տալիս Հայաստան- Իրան հարաբերությունները՝ հատկապես տնտեսական զարգացնել: Ըստ Ժորժ Աբրահամյանի՝ հայ- իրանական  քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում, քան՝ տնտեսական: Խորհրդարանի պատգամավորի  հետ  համաձայն է նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Վերջինս նշում է, որ  Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացումը նոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի զարգացման համար, իսկ Իրանը Հայաստանը կարող է օգտագործել՝ Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու համար:Հիշեցենք, որ հուշագիրն արդեն ուժի մեջ է մտել, և երկու պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի մինչև 3 ամիս ժամկետով այցելել հարևան պետություն:

«Ռադիոլուրի» դիտարկմանը, որ այսօր Հայաստանում շատ իրանցիներ բիզնես գործունեություն են զարգացնում, արդյո՞ք հայերը նույնպես կարող են բիզնես զարգացնել Իրանում, դեսպանը նշեց. «Պետք է ասեմ, որ երկու երկրներն ունեն դարավոր բարեկամություն և դարեր ի վեր միշտ կողք կողքի են եղել և, նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն անդամակցում է ԵԱՏՄ-ին, այս ուղղությամբ էլ գործունեությունը զարգացնելու շատ լավ հեռանկարներ կան երկու երկրների գործարարների համար»:

Դեսպանն անդրադառնում է  նաև հայ- իրանական էներգետիկ համագործակցությանը:  Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ընթանում են  Իրան-Հայաստան  բարձրավոլտ երրորդ գծի «Նորավան» ենթակայանի շինարարական աշխատանքները: Արդեն մեկնարկել են հողային աշխատանքները։ 100 մգ վատ  հզորությամբ գծով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանից Իրան եւ  հակառակ ուղղությամբ: Ինչպես ենթակայանի, այնպես էլ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ վերջ:  Դեսպանը   նշում է, որ  այս առումով  հարաբերություններն օր- օրի զարգանում են: «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային պայմաններում միշտ էլ երկու երկրները միմյանց աջակցել ու համագործակցել են, և դժվար պահին, երբ Հայաստանը գազի խնդիր ուներ Վրաստանի ուղղությամբ, Իրանը կարողացավ գազ ապահովել Հայաստան»:

Դեսպանից հետաքրքրվեցինք նաև  վերջերս  ակտիվություն ցուցաբերվող   Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համագործակցությունից ու այդ համատեքստում նկատեցինք, որ   Հայաստանի ուղղությամբ, կարծես, պասիվություն կա:  Դեսպանը նշեց, որ Իրանը միշտ պահպանել է հարևանների հետ հարաբերությունները և  քաղաքական առումով որևէ սահմանափակում չունի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: «Այսօր Իրանում հայերն ու պարսիկներն ապրում են խաղաղ համակեցության մեջ և որևէ խնդիր չի եղել»,- եզրափակեց դեսպանը:

Կարդացեք նաև

Back to top button