Հասարակություն

Ներդրողներին «երկմտանքի առջև» են կանգնեցրել ապրիլյան պատերազմն ու հուլիսյան իրադարձությունները

hasmikdilanyan
Աղետի գոտու անօթևան հերթագրված ընտանիքները պետությունից բնակարան  կստանան: Խնդրի լուծման համար այս տարի պետական բյուջեից  քաղաքաշինության նախարարությանը շուրջ երկու մլրդ դրամ է հատկացվել, մինչև տարեվերջ 287 ընտանիքի բնակարանային խնդիր կլուծվի: Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն է այսօր տվյալները ներկայացրել, խոսել իրականացվող աշխատանքներից  ու արձանագրել՝ շինարարության ոլորտը դեռ ուշքի չի գալիս: Ֆինանսական ճգնաժամը չհաղթահարած՝  ներդրողներին «երկմտանքի առջև» են կանգնեցրել նաև ապրիլյան պատերազմն ու հուլիսյան իրադարձությունները: Շինարարության ոլորտն աշխուժացնելու նպատակով կառավարությունը մի շարք նախաձեռնություններով է հանդես գալիս:
Մեր երկրում շինարարության ոլորտում առկա խնդիրները դեռ շարունակվում են: Հիշեցնենք՝ ոլորտի «ճգնաժամը» 2009 թ. է գալիս։ Արդեն վեց տարի, չնայած գործադրվող ջանքերին, ոլորտը, եթե զարգանում է, ապա շատ դանդաղ տեմպերով՝ երկնիշ անկումից հետո աճը 0,4 տոկոս էր կազմում, 2015-ին՝ 0,3 տոկոս:

Վեց տարի շարունակ, չնայած իրականացվող քայլերին, արդյունքները գոհացուցիչ չեն: Շինարարության ակտիվացման նպատակով կառավարությունը մի շարք նախաձեռնություններով է հանդես գալիս: Ակնկալիքներ ունեցող որոշումներից մեկն էլ «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն են:

Հիշեցնենք՝ 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո hանրապետությունում բնակարան գնող կամ անհատական տուն կառուցող վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները բնակապահովման առավել մատչելի պայմաններ են ստանում:

Նախապայման է բնակարանը ձեռք բերել հենց կառուցապատողից կամ բնակապահովման պետական ծրագրով: Այս դեպքում՝ հիփոթեքային վարկի տոկոսադրույքները մարվում են աշխատողի վճարած եկամտային հարկից` այդ հարկի չափով:

ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ  Արման Միրզոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է

«Հիմնականում օգտվում են միջին ու միջին բարձր եկամուտ ունեցողները, չնայած կան նաև միջինից ցածր եկամուտ ունեցողներ, ովքեք համավարկառու կամ համասեփականատերեր են հանդիսանում՝ ավելի բարձր եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց»:

Մասնագետները փաստում են՝ եկամտային հարկի վերադարձը կարճաժամկետ հատվածում լրացուցիչ բեռ է բյուջեի համար, սակայն երկարաժամկետ կտրվածքում տնտեսական ակտիվացում է ակնկալվում: Այս պահի տվյալներով, սակայն,  կարող ենք փաստել՝  շինարարության ոլորտում  ակնկալիքները գոհացուցիչ չեն:

Քաղաքաշինության փոխնախարարի տեղեկացմամբ՝  այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտում երկու տոկոս անկում է գրանցվել, սակայն Արմեն Ղուլարյանը կարծում է, որ տարին մեկ տոկոս աճով կփակվի: Փոխնախարարը վստահեցնում է՝ «Եկամտահարկի  մասին»  օրենքում կատարված փոփոխությունները ոլորտն աշխուժացրեցին.

«Արդյունքն այն է, որ պետծառայողների մատչելի բնակարանների ծրագիրը սկսելիս մենք մտավախություն ունեինք: Բայց փորձը ցույց տվեց, որ մենք երկրորդ փուլը սկսեցինք, պահանջատերերի ցանկն անհամեմատ մեծացավ»:

Փոխնախարարը ոլորտի անկումը ապրիլյան պատերազմով ու հուլիսյան իրադարձություններով է պայմանավորում, խոստովանում՝ վտանգված են  բազմաթիվ ներդրումային ծրագրեր, այդ թվում նաև 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագիրը:

Քաղաքաշինության նախարարի տեղակալը կատարած ու կատարվելիք աշխատանքներն է թվարկում, նշում, որ մինչև տարեվերջ  աղետի  գոտում  553 ընտանիք  բնակարանով կապահովվի,  ևս 653 ընտանիք դեռ բնակարանի կսպասի:

Առաջին անգամ մեր երկրում  հատուկ ուշադրություն կդարձվեն  նոր  կառուցվող շենքերի էներգախնայողությանը:  «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին»  օրենքի նախագիծը դեռ խորհրդարանում է, Ասիական զարգացման բանկի հետ  համատեղ մեկնարկել է «Սեյսմակայուն ու անվտանգ դպրոցաշինության ծրագիր»-ը, 100 մլն դոլար արժողությամբ համաձայնագիրը ստորագրված է, այս ծրագրի առաջին փուլով  Երևանում ու մարզերում  կկառուցվեն տասը, կվերակառուցվեն 36 դպրոցներ:

Կառավարությունը նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» է իրականացնում՝  մինչև 2035թ,  ընդհանուր առմամբ, կվերակառուցվեն կամ կկառուցվեն 377 դպրոցներ:

Back to top button