ՀասարակությունՄշակույթ

Կիպրոսցի ֆուտբոլիստները ցանկություն են հայտնել լինել Ծիծեռնակաբերդում

Օգոստոսի 16-21-ը Երևանում անցկացվող ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարում   օգոստոսի 19-ը հանգստյան օր է: Խաղային 2 օրերից հետո մարզիկներին հնարավորություն է տրվել վերականգնել ուժերը վճռական 3-րդ տուրին նախապատրաստվելու համար:

Այսօր մասնակիցների համար կազմակերպվել է շրջագայություն Երևան քաղաքում: Մասնակիցները եղել են մայրաքաղաքի տարբեր տեսարժան վայրերում, հիացել պատմամշակութային հուշարձաններով և ծանոթացել քաղաքի պատմությանը՝ հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Առաջնության մասնակից Կիպրոսի ֆուտզալի առաջնության գործող չեմպիոն «Ապոել» թիմը ցանկություն է հայտնել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղկեպսակ են տեղադրել և հարգանքի տուրք մատուցել: Կիպրոսցիները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:

«Շատ էինք ուզում այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Մեր երկու ժողովուրդները նույն պատմությունն են ունեցել, և այդ պատճառով չեինք կարող բաց թողնել այս պահը և գալով Երևան չայցելել այստեղ»,-նշեց «Ապոել» թիմի ղեկավար Իոանիս Կուննասը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:  Մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար պայաքարում են Հայաստանի կրկնակի չեմպոին ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոելը», դանիական «Գենտոֆտեն» և Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը կնվաճի խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը:

Նշենք, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր է եղել ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Back to top button