Թուլացած են բոլոր թեկնածուները, առավել տեսանելի՝ գործող նախագահը, ասում է Ստյոպա Սաֆարյանը


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է իրենց թեկնածուի` «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի և գործող նախագհ Սերժ Սարգսյանի միջև:
Ստյոպա Սաֆարյանը նաև նկատել է, որ այսօր ընտրողների շրջանում նկատվում են բոյկոտային տրամադրություններ: Նրանց ընտրատեղամաս բերելու հարցը կարող է լուծվել, եթե թեկնածուները կարողանան գրագետ քարոզարշավ իրականացնել, ասաց։
Ստյոպա Սաֆարյանն ավելի վաղ ասել ու այսօր էլ կրկնեց, որ այս ընտրություններում թուլացած վիճակում են բոլոր թեկնածուները, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց առավել տեսանելի է համարում գործող նախագահինը, քանի որ այս ընտրություններում նա չունի ԲՀԿ աջակցությունը:
Սաֆարյանի խոսքով` սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե ԲՀԿ-ի ընտրազանգվածն իր ձայնը տալու է Ս. Սարգսյանին: Իսկ ահա «Ժառանգությունը» հրապարակային ելույթներով ու հայտարարություններով փորձում է հորդորել իշխանությունից դուրս գտնվող ուժերին իրենց ընտրազանգվածին կողմնորոշել դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կարծում է` քարոզարշավից հետո որոշ քաղաքական ուժեր այդպիսի հայտարարություններ կանեն:
Սաֆարյանի դիտարկմամբ` նախագահական ընտրությունների անորոշությունը պահպանվում է, գնալով ինտրիգներն ավելանում են: Ավելացնողներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն էր իր երեկվա հարցազրույցով: