Վերլուծական

Ղարաբաղյան կարգավորման գործընթացները պետք է լինեն թափանցիկ.քաղաքագետ

karenghazaryan
Հստակ երեւում է, որ Ռուսաստանն ուզում է ինչ-որ հարցեր լուծել. Ադրբեջանին ներգրավել իր դաշտ, փոխարենը պատրաստ լինելով Հայաստանին ճնշել՝ Ղարաբաղյան հարցում ինչ-որ զիջումների գնալու համար: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով վերջին օրերի զարգացումների մասին: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ, մինչդեռ, Ղարաբաղյան հարցում որեւէ վտանգ վերջին օրերի Պուտինի հանդիպումներից չկա: Ըստ նրա՝ Ադրբեջանը Ռուսաստանի աշխարհատնտեսական համագործակցությունում որեւէ տոկոս չի կազմում եւ պետք չէ մեծացնել մի գործոն, որն ընդհանրապես գոյություն չունի: «Նա գոյություն ունի միայն մի պատճառով, որպեսզի Իլհամ Ալիեւը Թուրքիայի դրդմամբ նոր պատերազմ չվերսկսի»,-պարզաբանել է քաղաքագետը:

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Ղարաբաղյան խնդրում ներկայումս անվստահության գործոնը զգալի ազդեցություն ունի: Ըստ նրա՝ ակնհայտ է անվստահությունը, որ առանց հասարակությանը տեղյակ պահելու կարող են լինել ինչ-որ որոշումներ:

«Դա այնքան ակնհայտ երեւացող է, որ պարզ է, որ մեզ պետք է մտահոգի: Մենք պետք է, իրոք, շատ լուրջ այդ հարցերին մոտենանք: Առաջինը՝ շատ կարեւոր է, որ իշխանությունները շատ թափանցիկ լինեն Ղարաբաղի հարցում հասարակության հետ, որ ավելորդ լարվածություն ներսում չառաջանա»:

Երբ վստահության խնդիր կա, ապա անհրաժեշտ են ոչ ստանդարտ որոշումներ ու քայլեր այդ վստահությունը վերականգնելու համար, այդ թվում ներքին կյանքում՝ կարծում է փորձագետը: Նրա խոսքով՝ պետք է, օրինակ, հստակ քայլեր կատարվեն կոռուպցիայի դեմ պայքարում եւ օլիգոպոլիաների թուլացման առումով, քանի որ այդ ամենը, քաղաքագետի խոսքով, ուղղակի կապ ունեն Ղարաբաղյան խնդրի հետ: Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ այսօր շարունակվում է նաեւ քաղաքացիական հասարակության վրա ճնշումը, ինչը նույնպես մտահոգիչ է:

«Եթե դու այս քայլերը չես անում, վստահության մթնոլորտ չես ստեղծում, Ռուսաստանի տարբերակով ես գնում, որին պետք է, որ դու ինչ-որ բան զիջես Ադրբեջանին՝ այլ պատճառներով, պարզ է, որ ցնցում կլինի»:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ, սակայն, Ադրբեջանը Ռուսաստանի աշխարհատնտեսական համագործակցությունում ոչ մի տոկոս չի կազմում, քանի որ կա Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքը: Բաքվի եռակողմ գագաթաժողովում էլ, քաղաքագետի համոզմամբ, որեւէ հարց չի լուծվել:

«Շատ անմիջական եք անդրադառնում ու մեծացնում այն գործոնը, որը ընդհանրապես գոյություն չունի: Նա գոյություն ունի միայն մի պատճառով, որպեսզի Իլհամ Ալիեւը Թուրքիայի դրդմամբ նոր պատերազմ չվերսկսի: Վերջ: Սրանով է սահմանափակվում: Ուրիշ հարց ո՛չ Ռոհանին, ո՛չ Պուտինը Բաքվում չեն լուծել. ո՛չ տնտեսական, ո՛չ աշխարհատնտեսական, ո՛չ աշխարհառազմավարական, ո՛չ մի բան չեն լուծում, բացի այդ հարցից՝ տեղդ նստի՛ր, Իլհամ Ալիեւ ու մի խանգարիր՛»:

Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծը չի կառուցվի, քանի որ Ռուսաստանն ու Իրանը այլ ծրագրեր ունեն, իսկ եթե այդ գիծը կառուցվի, ապա կլինի նաեւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան գիծը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, սակայն, նկատեց, որ Ադրբեջանը գնալով ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը: Սա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ Ալիեւը հասկացավ՝ դինամիկան հօգուտ իրենց է:

«Այս պայմաններում, երբ որ դիմացինը անկանխատեսելի քայլեր է անում, անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը՝ ես մտահոգություն ունեմ, որ նորից լարվածություն կլինի ու նորից փորձ կարվի Ադրբեջանի կողմից խնդիրն ուժով լուծելու»,-կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կանխատեսմամբ՝ զարգացումներն ավելի հստակորեն կարող են երեւալ մեկ-երկու շաբաթից:

Back to top button