

Վերջին օրերը բավականին ակտիվ էին եւ տարածաշրջանային զարգացումներում արձանագրեցին էական փոփոխություններ՝ առաջին հերթին տարածաշրջանում լիցքաթափում գրանցելու առումով: Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Անդրադառնալով Բաքվի եռակողմ գագաթաժողովին, Պուտին-Էրդողան եւ Պուտին Սերժ Սարգսյան հանդիպումներին՝ Կարեն Բեքարյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենի արդյունքում տարածաշրջանում նկատում ենք լարվածության թուլացում, ինչը Հայաստանի համար դրական է: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ էլ՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը խաղաղության հանդիպում էր: Դրանով, ըստ նրա, Պուտինը ցույց տվեց, որ Հայաստանի թիկունքում որեւէ դավադրություն իրենք չեն կազմակերպում: Մինչդեռ, Ռուսաստանն ու Թուրքիան միշտ են իրար թիկունքից հարվածում եւ Էրդողան-Պուտին հանդիպումն ընդամենը թատերական հանդիպում էր, քանի որ իրար հետ ունեն շատ լուրջ խնդիրներ:
Բաքվի եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախաձեռնությունն էր: ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի խոսքով, բնականաբար, այնտեղ Ղարաբաղի հարց նա նույնպես կարծարծեր: Ըստ վերլուծաբանի, սակայն, հարցը չէր կարող լինել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպման առաջնային օրակարգ: Դա վկայեց նաեւ երեք նախագահների ստորագրած հայտարարությունը, որտեղ Ղարաբաղի մասին որեւէ խոսք անգամ չկա:
«Հետեւաբար, այն ակնկալիքները, որ Ադրբեջանը ուներ, ոչ թե տնտեսական, ոչ թե քաղաքական բալանսավորման, այլ հենց Ղարաբաղյանի հետ կապված, կարելի է ասել, եռակողմ գագաթաժողովը զերծ մնաց նրա ցանկություններին տուրք տալուց»:
Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ երկաթգծին, ապա, ըստ Կարեն Բեքարյանի, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը միակը չլինի: Ռուս-Թուրքական հարաբերություններում էլ, ըստ Կարեն Բեքարյանի, հարաբերությունների լարված փուլից հետո սառույցը կոտրվում է, սակայն, միեւնույնն է չի բերում հարաբերությունների լայնամասշտաբ եւ ամբողջական կարգավորման: Դրանցում դեր ունեցան ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը, նաեւ Թուրքիայի տնտեսական խնդիրների գործոնը: Ամեն դեպքում, ըստ վերլուծաբանի, վերջին զարգացումներում մեզ համար դրական միտումներ կան.
« Տարածաշրջանում ինչ-որ իմաստով լարվածություն է թուլանում: Իհարկե, սա մեզ համար ունի իր որոշակի դրական միտումները: Դրական է նաեւ այն հանգամանքը, ինչին երեկվա խոսքում անդրադարձավ նախագահը, որ Ռուսաստանն էապես ավելացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում: Դրական է շատ պարզ պատճառով՝ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն եւ դաշնակցային հարաբերություններ, եւ երբ որ դաշնակցիդ հնարավորությունները լայնանում են տարածաշրջանային եւ համաշխարհային համատեքստում, դա բնականաբար քեզ համար դրական է, որում դու ունես նաեւ քո որոշակի արտահայտված շահերը»:
Պուտին-Սարգսյան հանդիպմանն անդրադառնալով՝ վերլուծաբանը նկատեց, որ Ղարաբաղի խնդրին Ռուսաստանի անդրադարձն այս դեպքում ապրիլյան սրացումից հետո նույն բովանդակությունն ու գիծն ունի.
«Այսինքն, ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացում հնարավոր չլինի, մարդկանց կյանքին վտանգ չսպառնա, միաժամանակ՝ զարկ տալ քաղաքական գործընթացին եւ փորձել ունենալ լուծումների այնպիսի ուրվագիծ, որտեղ չեն լինի հաղթողներ, չեն լինի պարտվողներ»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի կարծում, որ Հայաստանի թիկունքում 21-րդ դարում լինեն դավադիր պայմանավորվածություններ: Դրանց նա չի հավատում: Կարծում է, որ Էրդողան-Պուտին հանդիպումը թատերական նշանակություն ուներ՝ Արեւմուտքի համար: Թուրքիան ցույց է տալիս, թե կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ, Ռուսաստանը՝ որ միայնակ ու մեկուսաված չէ: Մինչդեռ, իրականում նրանք երկուսն էլ միմյանց հետ ունեն շատ լուրջ խնդիրներ եւ իրար հաճախ են խփում թիկունքից: Բաքվի եռակողմ, եւ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն էլ, Ազատ Արշակյանի գնահատմամբ, խաղաղության հանդիպում էր:
«Այսինքն՝ Պուտինն այս հանդիպմամբ ասում էր, որ մենք ձեր թիկունքում դավադրություններ չենք կազմակերպում, մենք ձեր թիկունքից չենք խփի»:
Երեկ Մոսկվայում Հայաստանի նախագահի հնչեցրած դիրքորոշումներից Կարեն Բեքարյանը կարեւորեց մասնավորապես 94-95 թթ եռակողմ զինադադարի պայմանագրերի պարտավորություններին լիակատար վերադարձի շեշտադրումն ու նաեւ միտքը, որ հնարավոր չէ աշխատել հետեւանքների հետ՝ մի կողմ դնելով պատճառները, հետեւաբար՝ ինքնորոշման իրավունքը պիտի գերակա լինի կարգավորման ամբողջ գործընթացում: Հաշվի առնելով, որ Ղարաբաղյան խնդրին առնչվող բավականին շատ շահարկումներ եղան վերջին օրերին՝ Կարեն Բեքարյանը հետեւյալ եզրահանգումն արեց.
«Նախագահի վերջին երկու ելույթները՝ Երեւանում ունեցած եւ երեկ Մոսկվայում ասածը, ինձ թվում է, ուրվագծեց այն, ինչի շուրջ ընթանում են հիմնական բանակցությունները եւ ինչի շուրջ իր դիրքորոշման մեջ որեւէ տատանման կամ լրացման էլեմենտ չունի Հայաստանի Հանրապետությունը»:
Բանակցային գործընթացն ինքը ճոճանակի նման է, քանի դեռ առկա է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ: Ըստ Կարեն Բեքարյանի՝ քանի դեռ չկա վերջնական հաստատում-վավերացում, միշտ էլ անհանգստանալու տեղիք կա: Վերջին շրջանի անհանգստություններն էլ փարատելու համար նա շեշտեց, թե դրանք չեն պայմանավորվում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումներով կամ դրանց ինտենսիվությամբ:




