

Ծեծը բռնությո՞ւն է, թե՞ դաստիարակության միջոց: Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր պարզաբանել է երեխաներին ծեծով դաստիարակելու բացասական հետևանքները և առաջարկել զգացմունքները բարկության պահին զսպելու գաղտնիքը: Բանախոսը սխալ է համարում յուրաքանչյուր պարագայում երեխայի վրա ձեռք բարձրացնելն ու նրան անընդհատ որևէ արարքից հետ պահելը: «Մի՛ արա»-ի դեպքում ծնողը պարտավոր է առաջարկի, թե դրա փոխարեն ինչ պետք է անի երեխան:
«Չեմ կարող խաբել, երեք երեխաների հետ հնարավոր չէ տիրապետել զգազմունքներդ ու մեկ-երկու անգամ ասելուց հետո ձեռք չբարձրացնես»:
Ծնողները հաճախ են երեխաների շրջանում ծեծը կիրառում որպես դաստիարակության միջոց: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, սակայն, նշում է՝ ծեծի միջոցով բռնանում են երեխայի կամքին և այն չի դաստիարակում երեխային, ընդհակառակը՝ երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը: Բացի այդ՝ ծեծն առաջացնում է հոգեբանական խնդիրներ, որոնք էլ երեխային կարող են ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:
«Ոչ մի արարքի դեպքում, ոչ մի հարաբերության դեպքում բռնությունն ընդունելի չէ: Հավատացեք, որ հնարավոր է առանց մատով դիպչելու երեխային բերել այն դաշտ, որը մեզ պետք է»:
«Ես ունեմ 13 տարեկան երեխա և ընդհանրապես ծեծի լեզվով չեմ խոսել նրա հետ, դեմ եմ ընդհանրապես բռնություններին: Պետք է դաստիարակման մեկ այլ տարբերակ գտնել, որից կազդվի երեխան: Համենայն դեպս, ես կարողանում եմ հայացքով հասկացնել երեխայիս»:
Հաճախ ծնողները երեխաներին պարտադրում են շարժվել իրենց այսպես ասած օրենքներով: Պետք է հաց ուտել, քնել այս ժամին, պետք է այսպես անել և այլն: Հոգեբանը, սակայն, տեղեկացնում է. երեխան ոչինչ պարտավոր չէ անելու, նա ծնվում է երջանիկ լինելու համար և մենք պետք է ապահովենք նրա երջանիկ մանկությունը: Դաստիարակության առաջին խնդիրը հոգեբանը տեսնում է ծննդյան առաջին օրվանից որպես անձ երեխայի հետ վարվելու մեջ :
Դաստիարակության հիմնական գործոնը սեփական օրինակն է: Այս բանաձևով պետք է դաստիարակել երեխաներին: Շատ հաճախ երեխաները սխալներն ընդօրինակում են ծնողներից և վերջիններս էլ փորձում են այն կանխել ծեծի միջոցով: Ծեծը հաճախ ուղեկցվում է «հիմար ես», «մի՛ արա» եւ նմանատիպ այլ արտահայտություններով: Հոգեբանը խորհուրդ է տալիս երեխային առաջարկել այլընտրանքային ճանապարհ, այսինք՝ տվյալ քայլը չանելու դեպքում՝ ինչ անի: Երեխային պետք է օգնել, որ ինքը մեծանա, այլ ոչ թե դնել սահմանափակումներ՝ ասում է:
Հայկական ընտանիքներում երեխայի դաստիարակության հարցում լինում են նաև տարակարծություններ, երբ մայրը մեկ բան է ասում, կողքի անձը՝ մեկ այլ բան: Եվ այստեղ երեխան գնում է նրա կողմը, ում ասածն իրեն շահավետ է: Եվ երբ ընտանիքում չի լինում մեկ որոշում, ապա դա երեխայի մոտ ձևավորում է բնավորության վատ գծեր: Ծնողները պետք է մեկը մյուսի խոսքը հարգել տա երեխային, նրա մոտ միմյանց սխալները չուղղել: Շատ դեպքերում ծնողներն ինքնահաստատվելու համար երեխային տարբեր խորհուրդներ են տալիս: Սա սխալ մոտեցում է:
Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ յուրաքանչյուր հոգեբանական խնդրի հիմքը մանկության տարիներին է ձեւավորվում։ Ծնողները ցանկացած պարագայում պետք է կարողանան զսպել իրենց, քանի որ ծեծը երեխայի կողմից ընկալվում է որպես վիրավորանք: Իսկ դաստիարակված և հասարակությանը պիտանի երեխաներ դարձնելու համար պետք է մանկուց նրանց ճիշտ դաստիարակել:




