
Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում տեղի ունեցան խմբային փուլի վերջին հանդիպումները, ինչից հետո պարզ դարձավ քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը:
A խմբի վերջին 2 խաղում հանդիպեցին Բրազիլիա-Դանիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն-Իրաք զույգերը: Բրազիլիան վերջապես կարողացավ հաղթանակ տոնել. Դանիայի դեմ խաղն ավարտեց 4-0 հաշվով: Մյուս զույգում հանդիպումը խաղաղ ելք ունեցավ՝1-1: Այս խմբից պայքարը շարունակում են Բրազիլիան և Դանիան:
B խմբում Նիգերիայի հավաքականը պարտվեց Կոլումբիային՝ 0-2 հաշվով, իսկ ահա խմբի մյուս խաղում Ճապոնիան նվազագույն հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ: Այս խմբից պայքարը կշարունակեն Նիգերիան և Կոլումբիան:
C խմբում Հարավային Կորեան հաղթեց Մեքսիկային 1-0 հաշվով: Խմբի մյուս խաղում Գերմանիան գերխոշոր առավելությամբ՝10-0, հաղթեց Ֆիջիին: Գերմանիայի ընտրանու հետ պայքարը կշարունակի խմբում առաջին տեղը զբաղեցրած Հարավային Կորեան:
Վերջին՝ D խմբում Պորտուգալիան արդյունավետ ոչ-ոքի խաղաց Ալժիրի հետ, իսկ ահա Արգենտինան , 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Հոնդուրասի հետ, դուրս մնաց հետագա պայքարից: Պորտուգալիան ու Հոնդուրասը քառորդ եզրափակիչում են:
Քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ Պորտուգալիա-Գերմանիա, Նիգերիա-Դանիա, Հարավային Կորեա Հոնդուրաս, Բրազիլիա-Կոլումբիա: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 13-ին:




