Սպորտ

Երևանում կանցկացվի Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը

2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը Երևանում կանցկացվի Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն  մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Ինչպես գործադիրի այսօրվա նիստում ասել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականից Հայաստանում իրականացնում է  «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագիրը, որի ընթացքում Հայաստանն արձանագրել է  դրական արդյունքներ:

Ներկայումս տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ, ընդ որում երեք մարզերում` Արարատում, Վայոց Ձորում և  Սյունիքում, սնուցումն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Հաշվի առնելով ՄԱԿ-ի ՊՀԾ և միջազգային այլ կառույցների դրական արձագանքները` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել է Երեխաների սնուցման համաշխարհային   հիմնադրամին, առաջարկելով  2016թվականին նախատեսված Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումն անցկացնել   Հայաստանում: Նախորդ տարիներին Ֆորումներն անցկացվել են ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում և Բրազիլիայում:

Ակնկալվում է, որ Ֆորումին կմասնակցեն 200-250 հյուրեր 40 երկրներից, այդ թվում`   նախարարներ   և  բարձրաստիճան   այլ   պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում   նախատեսվում   է   այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակում:

Կարդացեք նաև

Back to top button