

Բնապահպանական ո՞ր խնդիրներն են այսօր Հայաստանում օրհասական և ի՞նչ լուծումներ են պահանջում դրանք: Այսօր բնապահպաններն անդրադարձել են իրենց կողմից վերհանած խնդիրներին ու ներկայացրել ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքները, թե որքանով է Հայաստանում ակտիվորեն զարգացող հանքարդյունաբերությունը վտանգում մարդկանց առողջությունը և որ մարզերն են հատկապես ամենախոցելին: Ներկայացված տվյալների հետ, ըստ բնապահպանների, առողջապահության նախարարությունը համամիտ չէ, գերատեսչությունն իրավիճակը չի կապում հանքերի շահագործման հետ, այլ գնահատում է առողջապահական համակարգի որակի բարձրացմամբ, որի շնորհիվ բարձրացել է նաեւ ախտորոշումների մակարդակը։
Հայաստանում բնապահպանական լուրջ խնդիրներ կան և բնապահպան Ինգա Զարաֆյանն առանձնացնում է դրանցից կարևորները՝ ջրի, հանքարդյունաբերության և Սևանի ավազանի հետ կապված խնդիրները: Ըստ բնապահպանի ներկայացրած տվյալների՝ Հայաստանը սակավաջուր երկրների ցանկում զբաղեցնում է 22-րդ տեղը: Հայաստանում բնական պաշարների և հատկապես ջրային պաշարների նվազումը վտանգավոր է և այն գերակա խնդիր է դառնում հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար:
Ջրային պաշարի ոլորտում առկա մյուս խնդիրներից Ինգա Զարաֆյանը ահազանգում է ոչ միայն գետերի, այլև ջրամբարների աղտոտվածության մասին: Օրինակ՝ Դաստակերտի պոչամբարից լուրջ արտահոսք կա դեպի Տոլորսի ջրամբար։ Իրավիճակը լուրջ է նաև անտառային տնտեսություններում: Հատկապես մտահոգիչ է Լոռու մարզի անտառների իրավիճակը, որտեղ արժեքավոր ծառերի տեսակները հիմնականում ոչնչացվում են և մնում են միայն ոչ արժեքավորները: «Լավ է, որ գոնե այդ տարածքները չեն կրճատվում: Թթվածնի խնդիր չի լինի»,- ասում է Զարաֆյանը։
Բնապահպանը Սևանա լճի հարցում մեկ դրական միտում նկատեց ՝ ջրի մակարդակի բարձրացումը: Սակայն այստեղ էլ մտահոգիչ է, թե այս պայմաններում ինչ կլինի ենթակառուցվածքների հետ: «Ոչ մի նորմալ ծրագիր՝ այսինքն ինչ միջոցներ պետք է ուղղվի այնտեղ, որպեսզի մենք պահպանենք կամ տեղափոխենք ենթակառուցվածքը՝ ճանապարհները, էլեկտրացանցերը, չկա։ Բայց դա արդեն պետք է լիներ»:
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան ՄԱԿ-ի հետ համատեղ իրականցնում է շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության վրա ծրագիր: Ուսումնասիրությունները հիմնականում անցկացվում են երեխաների շրջանում: Առաջնահերթ խնդիր են նորագոյացություններն ու շեղումով ծնունդները, որոնք էլ վերջին տարիներին ավելացել են: Այսօրինակ երեխաներն էլ հիմնականում ծնվում են Լոռիում, Երևանում և Սյունիքում: Կարինե Դանիելյանը նշում է, որ առողջապահության նախարարությունը համաձայն չէ, որ փորձագիտական և վիճակագրական տվյալներով արձանագրված պատկերը ձեւավորվել է հանքարդյունաբերության ազդեցությամբ։
Բնապահպանի ձևակերպմամբ՝ գերատեսչությունն ընդունում է, որ ավելացել են այդ հիվանդություններով ծնունդները, սակայն պատճառն այլ է: «Հիմնական բացատրությունը կապում են նրա հետ, որ շատ է լավացել առողջապահական համակարգը, եւ բացահայտումներն են առավել լավացել: Ես չեմ բացառում, որ դա կա, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ շատ անհանգստացնող է այս իրավիճակը»:
Քաղաքում փոշու բարձր քանակությունն էլ պատահական չէ: Միայն Երևանում գործում է 21 հանք: Բնապահպանն օրինակ է բերում Երիտասարդական պալատի տեղում իրականացվող հանքարդյունաբերությունը և նշում՝ փորձագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ փոշու մեջ առկա են ծանր մետաղներ, որոնք առողջության համար շատ վտանգավոր են: «Հենց դրանք են առաջացնում և՛ օնկոհիվանդություններ, և՛ շեղումներ, և՛ վնասում են արյունաստեղծ համակարգին»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ էլ հարցումներ է իրականացրել Սյունիքի մարզի 11 համայնքներում, որտեղ նկատվել է քաղցկեղային հիվանդությունների աճ: Բնապահպանը դժգոհում է, որ առողջապահության նախարարությունը հետամուտ չէ այս հարցում, ինչպես որ հետևողական չի եղել 2006 թվականին Քաջարանում երեխաների գլխի մազերի մեջ մկնդեղի ու սնդիկի հայտնաբերման հարցում:
Ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնն էլ Ախթալայում, Ալավերդիում և Շամլուխում անցկացրել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում երեխաների արյան մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ: Ըստ Կարինե Դանիելյանի՝ Հայաստանում բնապահպանական լուրջ խնդիրներ կան և այն պետք է փաթեթով ներկայացնել կառավարությանը: Դրանք չիրականացնելու դեպքում Հայաստանի բնությունը հիմքից կկտրվի՝ ահազանգում է բնապահպանը:




