
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին այսօր ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ. Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով:
«Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ. Մազմանյանի կնոջ հետ:
Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը ձերբակալվել է հուլիսի 24-ի ժամը 19:00-ի սահմաններում , երկու օր անց կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ՄԻՊ- ին՝ Մհեր Մազմանյանի վեց անչափահաս երեխաներին աջակցելու համար, քանի որ նրանք, փաստորեն, զրկված են խնամակալից։




