Վերլուծական

ՌԴ նախագահի հանդիպումների շարքը եւ Ղարաբաղյան խնդիրը

karenghazaryan
Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքների մասին կանխատեսումներ կարելի է անել՝ ելնելով ՌԴ նախագահի՝ նախորդ երկու օրերի հանդիպումներից: Այս կարծիքին է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա վստահ է, որ չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ չկար նման բան, բայց ակնհայտ է, որ Էրդողանի հետ Պուտինը քննարկել է նաեւ Ղարաբաղի հարցը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ, սակայն, այդ հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարց չի քննարկվել եւ դա լավ է: Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Բաքվում էլ եռակողմ հանդիպում էր եւ եթե այդպես չլիներ, ապա կարելի էր ասել, որ այն վտանգավոր էր Ղարաբաղի խնդրի տեսանկյունից: Մինչդեռ, ըստ նրա, ակնհայտ է, որ Բաքվում Իրանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովի հիմնական նպատակը ԵՏՄ հնարավորությունների ընդլայնումն էր՝ Իրանի ներատմամբ:

Ի՞նչ տեղի ունեցավ Բաքվում: Արա Պապյանի գնահատմամբ՝ այն բոլոր ծրագրերը, որոնք որոշ լավատեսներ կապում էին Իրան-Հայաստան-Վրաստան երկաթգծի հետ՝ ի դերեւ ելան:

« Այդ երկաթգիծն այլեւս որեւէ մեկին պետք չի լինի, որովհետեւ Իրան-Ադրբեջան –Ռուսաստան երկաթգծի թողունակությունը տարեկան 10 մլն տոննա է: Բացի տնտեսականից, իհարկե, սա շատ կարեւոր հետեւանք կունենա քաղաքական դաշտում եւս: Այն ջերմությունը, որը կար Պուտինի եւ Ալիեւի միջեւ Բաքվում, նաեւ շատ ծրագրեր, օրինակ՝մինչեւ 10 հազար ավտոմեքենա կառուցելու գործարանի հիմնարկեքը Բաքվում, դրանք կարեւորագույն ծրագրեր են: Տնտեսական լինելով հանդերձ՝ քաղաքական հետեւանքներ կունենան»:

Արա Պապյանի խոսքով՝ դա անպայման իր անդրադարձը կունենա Ղարաբաղի հարցի վրա: Ալիեւի ելույթը նա սպասելի էր համարում եւ կարծում է, որ որեւէ դիրքորոշման փոփոխություն չկար՝ Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշման վրա է մնում: Ըստ Արա Պապյանի, այս հանդիպումների շարքը մեզ համար դրական զարգացում չէր.

«Եթե սրան էլ գումարում ենք Էդողանի այցը Սանկտ-Պետերբուրգ, Պուտինի հետ հանդիպումը, կես տարի տեւած խնդիրները երկու կողմն էլ հաղթահարեցին: Եթե բարեկամական հարաբերությունները չվերականգնեցին, գոնե դրա հիմքերը դրվեցին»:

Արա Պապյանի համոզմամբ՝ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ղարաբաղի խնդիր՝ չնայած նման բան պաշտոնական հաղորդագրության մեջ չկար: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ, մինչդեռ, Ղարաբաղի հարց չէր կարող մտնել ռուս-թուրքական օրակարգ այն փուլում, որում այս պահին գտնվում են ռուս-թուրքական հարաբերությունները:

« Եթե արդյունքներին նայենք, ապա կարող ենք ասել, որ Էրդողան-Պուտին հանդիպումը ընդհանուր առմամբ բարի կամքի դրսեւորում էր՝ հարաբերությունները նախկին մակարդակի բարձրացնելու համար:

Թուրքագետը լսել է նաեւ էրդողանի ելույթը եւ կարծում է, որ վերջինը նույնպես գոհ չէր կարող լինել հանդիպումից, քանի որ հարաբերությունների արագ վերականգնում է ցանկանում, մինչդեռ՝ Պուտինը չի շտապում այդ հարցում: Հետեւաբար՝ հանդիպումը, ըստ թուրքագետի, չի բավարարել Էրդողանին:

«Այսինքն, երբ նրանք ընդամենը պատրաստակամություն են  հայտնում եւ որեւէ կոնկրետ եզրակացության չեն գալիս, էդպիսի դեպքերում, չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցն էլ օրակարգի մեջ մտներ այդ հանդիպմանը»:

Եթե նման բան լիներ, ապա թուրքերը գոնե կակնարկեին՝ հավելեց թուրքագետը: Ըստ նրա՝ Բաքվի նախօրեի հանդիպումն էլ վտանգավոր կարելի էր համարել, եթե այն եռակողմ չլիներ: Այսպիսով, Հակոբ Չաքրյանը վստահ է, որ Ղարաբաղի հարցով որեւէ սակարկություն չի եղել այդ հանդիպումներում:

Քաղաքագետ Կարինե Գեւորգյանի կարծիքով էլ՝ Ղարաբաղի խնդրի լուծումը պայմանավորված չէ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում տիրող տրամադրություններով։ Նրա ձեւակերպմամբ՝ ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ թեև Ադրբեջանը շտապում է հարցը լուծել իր օգտին, սակայն աշխարհաքաղաքական կենտրոններն այս պահին չեն աջակցում շուտափույթ լուծման նրա ձգտմանը։ Ըստ քաղաքագետ Կարինե Գևորգյանի՝ Արցախի խնդրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք։

«Այն ճանապարհային քարտեզները, որոնք ընդունվել են 90-ական թվականներին, ընդունվել են ուրիշ իրականությունում, իսկ հիմա իրավիճակը լրիվ տարբեր է տարածաշրջանում, և դա պետք է հաշվի առնել Ղարաբաղի բանակցությունների մասին խոսելիս»:

Վերլուծաբան Արա Պապյանի գնահատմամբ, սակայն, ամեն դեպքում, մենք բավականին ծանր վիճակի մեջ ենք հայտնվել: Վերլուծաբանը ակնկալիք չունի Սարգսյան-Պուտին այսօրվա հանդիպումից: Պապյանը համոզված է, որ Ադրբեջանի դիրքերն ավելի ուժեղ են, քան մերը: «Մեր իշխանությունների այն քաղաքականությունը՝ բոլոր հավկիթները դնելու մի զամբյուղի մեջ, սխալ դուրս եկավ: ՌԴ-ին  ապավինում էին լիովին, նրա հետ հարաբերությունները պահպանելու համար մենք մեր հարաբերությունները փչացրեցինք գրեթե ամբողջ աշխարհի հետ՝ կարծիք հայտնեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանի համար ելքն այլընտրանքներ ստեղծելն է:

Back to top button