

Այսօր մեր ավագ գործընկերոջ՝ Հայաստանի հանրային ռադիոյի երկարամյա աշխատակցուհու՝ լրագրող և արձակագիր Կլարա Թերզյանի ծննդյան 82-ամյա տարեդարձն է: «Ռադիոլուրըը» եւս միանում է հիանալի մարդուն ու գործընկերոջն ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին։
90-ամյա Հանրային ռադիոյի անցած ուղու 50 տարիների ստեղծագործական աշխատանքներին անմիջականորեն մասնակից Կլարա Թերզյանն աշխատանքի բերումով առիթ է ունեցել հաճախակի շփվել Հայոց մեծերի, դասականների հետ ու ռադիոյի ոսկե ֆոնդին թողել բացառիկ արժեք ներկայացնող հաղորդումներ։ Հանրային ռադիոյի մշակույթի բաժնի աշխատանքները համակարգող Օֆելյա Ասատրյանը ակնածանքով է հիշում միասին աշխատած ժամանակները:
«Կլարայի հետ շուրջ երեք տասնամյակ եմ աշխատել և այդ տարիների կյանքն ինձ համար ավելի հետաքրքիր է դարձել նաև Կլարայի հետ շփվելով: Մենք մեր աշխատանքի ընթացքում բարեկամացել ենք մտավորականների այնպիսի մի շերտի հետ, որն այսօր, ցավոք, չկա: Մի քիչ հումորով, և իրականում էլ այդպես է, ես և Կլարան, իմ գործընկերները գալիս ենք անցյալ դարից: Եվ այն արժեքները, որոնց մասին մենք պետք է խոսենք՝ դրանք անցյալ դարից եկող են: Էլի հումորով պիտի ասեմ՝ մենք պատմական արժեք ենք դառնում մեր շփումների շնորհիվ»:
Կեսդարյա լրագրողական կենսագրությանը զուգահեռ Կլարա Թերզյանը արարել է նաև արձակի քառուղիներում: Նրա արձակ գործերում ներկայացված են մեր մտավորականության, նրանց ստեղծագործական ձեռքբերումների բազմաթիվ արժեքավոր նյութեր: Այս տարի ընթերցողի սեղանին է դրել իր 21- րդ գիրքը։ Կլարա Թերզյանն այժմ վաստակած հանգստի է, սակայն «կարելի է ասել ուղղակի ստացիոնար չի աշխատում ռադիոյում, սակայն հոգով, սրտով, մտքով ու խոսքով նա մեզ հետ է»:
Այսօր մեր ավագ գործընկերը արժանիորեն բազում շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստանում: «Մենք գանձ ունենք Կլարայով: Շնորհավորում ենք բոլորս: Այսօր ռադիոյում աշխատող բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրան, վստահ եմ համբույրներով ու ծաղիկներով շնորհավորում են իրեն»,- ասում է Օֆելյան Ասատրյանը:
Վերջերս Ռադիոտան առջև հանդիսավորությամբ բացվեց Հեռուտառադիոընկերության աշխատանքներում իրենց վաստակն ունեցող աստղերի ճեմուղին, որտեղ իր պատվավոր տեղն ունի նաև Կլարա Թերզյանը:




