Հասարակություն

Լրագրողները փորձում են Սարի թաղի բռնություններ կիրառողներին իրենք բացահայտեն

lenabadeyan

Վերջին օրերի կադրային փոփոխությունները, նկատողություններն ու պատիժները որքանով կկարողանան վերականգնել հասարակության վստահությունը իշխանության եւ արդարության նկատմամբ: Այս հարցի պատասխանն առայժմ չեն շտապում տալ քաղաքական գործիչները՝ այսօր էլ լռում են այնպես, ինչպես լռում էին ՊՊԾ գնդի գրավման օրերին: Փոխարենը գործի է անցել համացանցը, ավելի ստույգ՝ «Ֆեյսբուքը»:

 

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունում բազմաթիվ պաշտոնատար անձինք ենթարկվել են խիստ նկատողությունների եւ պատիժների՝ Սարի թաղում բախումները եւ լրագրողների վրա հարձակումները չկանխելու հիմնավորմամբ: Վերջին կետը հատուկ է շեշտվում տարածվող պաշտոնական հաղորդագրություններում: Բայց ԶԼՄ-ները հույսները չեն դնում իրավապահ մարմինների վրա: Նրանք փորձում են սեփական քննությունն անցկացնել՝ պարզելով եւ նույնիսկ նկարով փաստացի հրապարակելով, որ նռնակներ նետողներից մեկը Հայաստանի ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանն է:

Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբոր լիազորությունները հանրապետության ոստիկանապետը ստիպված դադարեցրեց, բայց դա փաստացի չի նշանակում աշխատանքից ազատում։ Այս քայլերը դեռեւս վստահություն չեն ներշնչում լրագրողական համայնքին: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս առումով դեռեւս հիշեցնում է անցյալ տարվա Բաղրամյանի դեպքերը:

Ոստիկանական համակարգում երեկվա պատիժների մասին իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: «Քանի դեռ մոտ 200 ոստիկան կալանավորված չէ՝ այդ թվում նաեւ խիստ բարձրաստիճան, սա շոու է»,- գրել է նա:  Ի դեպ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է փաստահավաք խումբ՝ հիմնավորմամբ. «քանի որ ոստիկանությունը «հապաղում է», գործի են անցնում այլ կառույցներ»: Փաստահավաք համակարգող խմբում ընդգրկվածները հավաքելու են նյութեր անուն առ անուն բոլոր այն «իրավապահների» եւ այլ անձանց վերաբերյալ, ովքեր բացահայտ բռնություններ են իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ եւ այդ բոլոր ցուցակներն ու նյութերը խոստանում ներկայացնել միջազգային կառույցներին։

Հուլիսի 29-ին Սարի թաղում աշխատել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի կայքի նկարահանող խումբը, ստիպված են եղել երկու ժամ պատսպարվել բնակիչներից մեկի տանը, քանի որ գլխավոր խմբագրի ահազանգին ոստիկանությունում պատասխանել էին, որ չեն կարող ապահովել լրագրողների անվտանգությունը՝ պատմում է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Ի դեպ, ոստիկանությանը մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել Սարի թաղում քաղաքացիական հագուստով այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել բռնություններին: Սա չնայած նրան, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այդ հրահանգը տվել է դեռ օգոստոսի 3-ին: Չնայած շատերը լրջորեն քննադատում է ուժային կառույցների գործողությունները, սակայն, ասենք «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը գոհ է այդ աշխատանքներից եւ ընդհանրապես, դրական է գնահատում իշխանության կեցվածքը ՊՊԾ գնդի գրավման ողջ 15 օրվա ընթացքում:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության կարծիքով՝ մեղավորներից մեկը Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն է։ Խմբակցության անունից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ վերջին իրադարձությունների ժամանակ «ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու եւ սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները»: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը, կարծում են «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ պահանջելով Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը:

Կարդացեք նաև

Back to top button