
տեղադրվել է ժամը 12։48- ին
վերջին լրացումը՝ ժամը 17։17- ին

21 հարց 20 րոպեում. ահա այսպիսի արդյունավետությամբ այսօր աշխատեց կառավարությունը՝ հաստատելով օրակարգում եղած բոլոր հարցերը: Թե կառավարության նիստի ժամանակ, թե կառավարության նիստից հետո ամեն դեպքում եղան ուշագրավ հարցեր, որոշների պատասխանները լարգրողները ստացան, որոշներինը՝ ոչ: Ղարաբաղի հարցով բանակցություններ, տարածքների զիջում, «Սասնա ծռեր» խմբի գործողություններ եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում՝ հասարակության կենսամակարդակի բարձրացման խոստումների ֆոնին:
Կառավարությունն իր այսօրվա նիստում փորձեց քայլ անել դեպի էներգետիկ անկախություն: Որոշեց ստեղծել «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել եւ արտահանել գազ: Նոր կառույցի ստեղծման հիմնավորումը կառավարությանը ներկայացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: «Ներկայումս ՀՀ-ում չկա որեւէ կառույց, որն ունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես՝ ԻԻՀ-ից, էլեկտրաէներգիա եւ գազ գնելու, ներկրելու եւ որպես տարանցիկ երկիր արտահանելու համար»:
Հիշեցնենք, որ այս տարվանից կյանքի է կոչվում Հայաստանի տարածքով Վրաստանին իրանական գազ մատակարարելու փորձնական ծրագիրը: Արդյո՞ք Հայաստանի այս քայլը քննարկման առարկա կդառնա Ռուսաստանում օգոստոսի 10-ին կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Օրակարգային հարցերը դեռեւս չեն գաղտնազերծվում, բայց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը փաստում է. «Բազմաթիվ հարցեր կան, այն էլ արագ փոփոխվող մեր տարածաշրջանի հետ կապված: Կարծում եմ, շատ հարցեր կքննարկվեն, նաեւ շատ հավանական է, որ չշրջանցվի նաեւ Ղարաբաղի հարցը»:
Փոխարտգործնախարարն այսօր կրկին խոսեց բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին, դրանից հետո միայն հնարավոր կլինի անցնել բուն բանակցային գործընթացին: Առաջին փուլով, սակայն, առանձնապես հաջողություններ դեռեւս չկան, քանի որ պետք է բացառվեն սադրանքները եւ կրակոցները: Պայմանավորվածությունները չի պահում Ադրբեջանը՝ հստակ ասում է փոխարտգործնախարարը:
Իսկ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ճնշում զգում են այս փուլում Ռուսաստանի կամ Արեւմուտքի կողմից՝ հետաքրքրվեցին լրագրողները: «Ճնշումը ո՞րն է: Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի: Իսկ դա նշանակում է, որ նրանք կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան: Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց անվանել դա ճնշո՞ւմ, դա միջնորդություն է»։
Ի վերջո, կողմերի մոտեցումների մերձեցման համար ինչ է պարտադրվում հայկական կողմին: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառվում է»,- հայտարարում է Շավարշ Քոչարյանը: Իսկ երբ լրագրողները համառեցին ու փորձեցին հստակ պատասխան ստանալ, որ տարածքների զիջում նույնպես չի լինի, այդ ժամանակ արդեն փոխարտգործնախարարը հայտարարեց: «Անընդհատ խոսում են, որ հայկական կողմերն ինչ- որ տարածքներ պետք է տան: Մի՞թե եղել է հայտարարություն ադրբեջանական կողմից, որ իրենք պատրաստ են իրենց կողմից գրավված ԼՂՀ տարածքները վերադարձնել: Այ երբ Ադրբեջանը հայտարարի, որ ինքը պատրաստ է այն տարածքները, որն օկուպացրել է ԼՂՀ-ից, վերադարձնի, որ ինքն ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որ պատրաստ է հաշտվել այն հանրաքվեի հետ, որն իրականացրել է ԼՂ ժողովուրդը, այն ժամանակ ձեր հարցերը տեղին կլինեն: Քանի այդ բոլորը չկա, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ դա ընդամենը պարտվողականություն է»:
Ի դեպ, «Սասնա ծռերի» պահանջներից մեկը վերաբերում էր հենց ղարաբաղյան հակամարտության խնդրին: Արդյո՞ք խմբի գործողությունները կազդեն գործընթացի վրա՝ սա միակ հարցն էր, որը ստիպեց Շավարշ Քոչարյանին մի քանի անգամ նշել, որ «դժվարանում է հստակ պատասխանել»:
«Սասնա ծռեր» խմբի գործողության եւ հետագայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին վերաբերող հարցերից այսօր կառավարությունում փորձում էր խուսափել արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նա նույնիսկ մասնագետի դիրքորոշում հրաժարվեց հայտնել, թե արդյո՞ք նախագահի ելույթում հնչած «ահաբեկիչ» ձեւակերպումը անմեղության կանխավարկածի խախտո՞ւմ էր, թե՞ ոչ: «Ես չեմ կարծում, որ իրավական որեւէ խախտում կա նախագահի որեւէ խոսքում»,- ասաց։
Վերադառնալով կառավարության նիստին՝ նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներն ամփոփելիս վարչապետն ազդարարեց գրանցված տնտեսական աճի մասին: Որպես ապացույց ներկայացրեց մի քանի թիվ՝ փաստելով հետեւյալը. «Չնայած ներքին սպառման կրճատմանը՝ ՀՀ տնտեսության վերջին 1.5 տարվա աճը ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին: Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր՝ երկարաժամկետ վերափոխության եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար: Ցավոք, վերջին 1.5 տարվա աճը դեռեւս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ եւ պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նախարարներին հորդորեց ապագայում չխոսել միայն հաջողությունների մասին, առաջին կիսամյակի ամփոփման ժամանակ խոսեն նաեւ այն բոլոր խնդիրների մասին, որոնք գերակա են եւ պետք է առաջիկայում լուծվեն: Իսկ իրականում, որպես առաջնային լուծում պահանջող հարց, այսօր կառավարությունը քննարկեց Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձի բարձրացման հարցը: Կառույցի նախագահի, առաջին տեղակալի եւ տեղակալի աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով: Սա գրված է նախագծին կցված եզրակացության մեջ, իսկ հարցը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը պարզապես հայտարարեց, թե «գտնում են, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական»:




