Հասարակություն

Լրագրողները պատմում են իրենց վրա հարձակման մասին

sonahakobyan

Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան: Առողջապահության նախարարությունը, ի դեպ, հերքում է մանկահասակ երեխաների հոսպիտալացնելուց մասին լուրերը: Ինչ վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 50 տուժածներին՝  մեծամասնությունն արդեն դուրս է գրվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Մանուկյանը: Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13 հոգի:

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժածների մի մասն էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած  16 անձանցից  այս պահի դրությամբ բուժումը շարունակում են 9 հիվանդներ, որոնցից 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում,  «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ 2 տուժած էլ բուժումը շարունակում են «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ կան նաև «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։ Ի դեպ՝  Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են նաև ոստիկանության և ցուցարարների  բախումը լուսաբանող լրագրողները: Նրանցից երկուսն այժմ գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Մանրամասներ ներկայացնելով միջադեպից՝ ռուսական «Լայֆ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գասպարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ  Հայաստան էր գործուղվել հուլիսի 17-ին՝ հատուկ  ՊՊԾ գնդում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով: Հաջորդող բոլոր օրերի ընթացքում նկարահանող խումբը հետևել է զարգացող իրադարձություններին։ «Սարի թաղում էինք, տեղի ունեցավ թեթևակի բախում: Երկուստեք քարեր նետվեցին: Եկավ մի պահ, որ ոստիկանությանն ու ժողովրդին բաժանում էր 50 մետր, մենք մեջտեղում էինք: Ոստիկաններից  մեկն ասաց, որ մեր կանգնած տեղն անապահով է: Մենք մինչև կտեղափոխվեինք մեկ այլ տեղ, պայթեցին նռնակները: Զգացի, որ ոտքս թացացել է: Ձեռք տվեցի՝ արյուն էր»,- պատմում է։

Մեր գործընկերը նաև նշեց, որ միջադեպի հետևանքով անհետացել է իր տեսախցիկը, որը վերջին անգամ տեսել է քաղաքացիական հագուստով իրեն անծանոթ անձի ձեռքում:

Բեկորային վնասվածքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել նաև  Ա1+ի լրագրող Ռոբերտ Անանյանը: Նա ևս մանրամասներ ներկայացրեց երեկվա միջադեպից:«Ստացվեց, որ բոլոր լրագրողները կենտրոնացել էին մի տարածքում և պայթյունները ուղղվեցին հենց այդ տարածքի վրա: Դրանից ենթադրում եմ, որ թիրախավորված են եղել լրագրողները՝ ոստիկանության հետագա գործողությունները չֆիքսելու և քաղաքացիներին ցույց  չտալու համար: Երկու ոտքերիս բեկորային վնասվածքներ կան: Բնակիչներն են մեզ առաջին օգնությունը ցուցաբերել: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ոստիկանները հարձակվեցին մեր մեքենայի վրա: Չնայած զգուշացրինք, որ Ա1+-ի անձնակազմն է, ուշադրություն չդարձրեցին և մեզ  ուղղակի դուրս շպրտեցին մեքենայից: Յուրաքանչյուր բառը որ ասում եմ, արձանագրված է մեր տեսախցիկով»։

Վնասվածք ստացած լրագրողները հավաստիացնում են, որ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո վերադառնալու են դեպքի վայր և շարունակելու  մասնագիտական գործունեությունը:

Կարդացեք նաև

Back to top button