
Երևանի Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր վնասվածքներով 60 քաղաքացիներ: Միջադեպի հետևանքով բերման ենթարկված 165 անձանցից 26 –ը ձերբակալվել են` ըստ ոստիկանության տեղեկատվության:
Քաղաքացիական հագուստով ամրակազմ անձինք հարձակում են գործել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների վրա կոտրել տեխնիկա, վնասվածքներ հասցրել լրագրողներին ու օպերատորներին: Հարձակումից տուժել են «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, նաև «Առաջին լրատվական»-ի լրագրողն ու օպերատորը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ գրելով. « ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»:




