Եմ իմ գնդակը ճանաչում եմ՝ կինոօպերատորի պատերազմի դասը՝ Արցախյան հերոսամարտից
Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից կինոօպերատոր Շավարշ Վարդանյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ այսօր մենք ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից:
Մոսկվայի կինոյի համամիութենական ինստիտուտն ավարտած կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի առաջին աշխատանքը վավերագրական ֆիլմ էր՝ այն կոչվում էր «Երկրորդ կյանք», որի ռեժիսորը Գագիկ Ստեփանյանն էր: Հետո նկարեց «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» լիամետրաժ ֆիլմը, աշխատեց տարբեր ռեժիսորների հետ: 1988-ին վերցրեց տեսախցիկն ու գնաց օպերայի հրապարակ, իսկ հետո որոշեց մեկնել Արցախ:
«Հարուստներին այն ժամանակ ցեխավիկներ էին ասում, մի քանիսին դիմեցի ինձ տեսախցիկով օգնելու խնդրանքով, չտվեցին: Առաջին փոքր տեսախցիկն ինձ տվեց բանաստեղծ Գևորգ Էմինը ՝ ասելով .«Տղա՛ ջան, դու քո կյանքն ես վտանգում, իսկ կամերան ոչինչ է»: Առաջին նկարահանումներն Արցախում կատարել եմ հենց այդ տեսախցիկով, որը հետո վերադարձրեցի, պատերազմի դաշտում հինգ տեսախցիկ եմ կոտրել՝ պատմում է:
88-ի մարտին արդեն Ստեփանակերտում էր: «Եղել եմ Արցախի գրեթե բոլոր թեժ կետերում: Անմիջապես հայտնվում էի այնտեղ, որտեղ ինչ-որ մի բան պիտի տեղի ունենար: Գնում էի էշով, ձիով, ոտքով, մեքենայով, ինչով հնարավոր էր»,-պատմում է Շավարշ վարդանյանը:
Ե՞րբ հասկացաք՝ թե իրականում ինչ է պատերազմը՝ հարցին պատասխանում է. «Մի բարձունքի վրա էինք, մոտ երեսուն հոգի՝ գեներալ Դարիբալթայանի հետ միասին: Հանկարծ ադրբեջանցիները սկսեցին կրակել: Դարիբալթայանից բացի բոլորս պառկած էինք, այդ թվում և ես՝ պառկած նկարում էի: Ասացի Դե՛դ/ես նրան այդպես էի անվանում, որովհետև պապիս նման սիրում էի/, ինչու՞ չես պառկում, չե՞ս վախենում, որ գնդակը քեզ կկպնի: «Է,-ասում է,-Շավա՛րշ ջան, ես իմ գնդակը ճանաչում եմ, ամեն գնդակից չեմ պպզի»:
Ուղեղիս մեջ դաջվեցին այդ խոսքերը: Որոշ ժամանակ անց գնում եմ դիրքեր և ինձ ուղեկցում է 13 տարեկան շահումյանցի մի տղա: Պիտի անցնենք բարձունքում դրված ադրբեջանական գնդացիրի տակով: Ես՝ մեկ սողալով, մեկ ծառից-ծառ ցատկոտելով, գնում եմ, տղան՝ ձեռքերը գրպանում, սուլելով, հանգիստ քայլում է: Մեկ էլ շրջվեց ու ինձ ինչ ասի, որ լավ լինի.«Շավա՛րշ քեռի, ինչի՞ ես էդպես թավալ տալիս գետնին»: Ասում եմ՝ տղա՛ ջան, դու չե՞ս վախենում, որ գնդակը քեզ կկպնի, պատասխանում է.«Ես իմ գնդակը ճանաչում եմ», նույն խոսքերը…:
Հետո հասկացավ, որ ինքն էլ կարող է ճանաչել իր գնդակը ու ամեն կրակոցից չէր թաքնվում: Եթե թաքնվեի, իրականում, չէի կարողանա նկարել այնքան, որքան նկարել եմ: Եթե չգնայի պատերազմ, չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարացնեի կամ իմաստավորեի իմ գոյությունը,-ասում է զրուցակիցս ու ենթադրում,- հավանաբար կլինեի միջակ մի օպերատոր, մի երկու ֆիլմ ավել կնկարեի ու մի քանի կոպեկ էլ ավել կստանայի: Բայց հայրենիքիս առաջ պատասխանատվության առումով ինձ այնքան բավարարված չէի զգա, որքան այսօր՝ շնորհիվ այն արխիվի, որը ստեղծեցի կրակելով, նկարելով, մի քանի անգամ վիրավորվելով»:
Այդ նյութերի հիման վրա յոթ վավերագրական ֆիլմ է ստեղծվել: Բազմաթիվ ֆիլմերում և հաղորդումներում օգտագործվում են Շավարշ Վարդանյանի նյութերը: «Պատերազմում շատ տխուր, բայց նաև լուսավոր պատմություններ են եղել: Աչքիս առաջ միշտ տղաների դեմքերն են, անվախ, մահը արհամարհող: Արցախյան պատերազմը մեզ շատ կարևոր մի բան տվեց, ոչ միայն այն առումով, որ կորցրած տարածք ետ բերեցինք: Մոտ մեկ դար ցածրացած, խեղճացած մի ժողովուրդ հանկարծ կարողացավ ոտքի կանգնել ու ապացուցել, որ ամեն ինչ ավարտված չէ»: