

Կարճ ժամանակում Մոսկվան պետք է կարողանա «սիրաշահել» Բաքվին՝ տարածքներ մատուցելով։ «ՌԴ- ն կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում ՀՀ արտաքին քաղաքականությունը: Փորձում է նաև անվտանգության համար պատասխանատվության հարցը վերցնել իր հսկողության տակ՝ տարածքների դիմաց: Թե որքանով երկարատև ու երաշխավորված կլինի ՀՀ անվտանգությունը՝ դա էլ է հարց»,- ասում է Նավասարդյանը։
Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում, որ Ադրբեջանում էլ թուրքական ԶՈՒ-ի ներկայություն ապահովվի՝ նկատեց Բորիս Նավասարդյանը: Եվ եթե ՌԴ- ն մինչև ԱՄՆ նոր նախագահի պաշտոնամուտը՝ մինչև եկող տարվա հունվար, Ղարաբաղի հարցում չկարողանա հաջողություն գրանցել, ապա ԱՄՆ-ի նոր նախագահը կրկին խնդիրը կտեղափոխի ԵԱՀՄ ՄԽ շրջանակներ՝ ասաց:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մինչդեռ վստահեցնում է, որ որևէ պետություն ինքնուրույն չի կարող լուծել արցախյան խնդիրը, եթե կողմերը համաձայն չեն։ Այս առումով ժամկետներ դնելը ևս ճիշտ չէ՝ ասում է։ Խնդիրը չի լուծվում, քանի որ Բաքուն դա չի կամենում: «Տեսանելի ապագայում դժվար թե պատրաստ լինի կարգավորման: Սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում, Ալիևը փադիշահ է դառնում և, որպեսզի շեղի ուշադրությունը, փորձում է կենտրոնացնել այն ԼՂՀ խնդրի վրա»:
Կարևորը, որ գերտերությունները կարողանան պահպանել խաղաղություն ու կայունություն այս տարածաշրջանում: 22 տարի գործող այդ տարբերակը՝ հրադադարի ռեժիմի պահպանումը ևս խնդրի լուծման ձև էր ու վատը չէր: Քանի դեռ կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի, որպես խնդրի լուծման տարբերակ պետք է դիտարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:




