

Զինված խմբի անդամների հետ այսօր բանակցություններ ըստ էության չեն վարվում՝ ի տարբերության սկզբնական փուլի, երբ պաշտոնական հաղորդագրություններում հստակ նշվում էր, որ խմբի անդամների հետ բանակցային ինտենսիվ շփումներ են իրականցվում: Հայտնի էր նաև, որ բանակցությունների միջնորդի դերն ստանձնել էր գեներալ Վիտալի Բալասանյանը: Այսօր ֆորմալ առումով բանակցություններն ընդհատված են: Ինչ են առաջարկում բանակցային գործի փորձագետները, ինչպես են գնահատում իրավիճակն ու ինչ ելքեր են տեսնում։
Բանակցային գործը տեսության մեջ ուսումնասիրած մասնագետներն ասում են, որ ի տարբերություն դասական բանակցությունների, ճգնաժամային բանակցությունները մի շարք առանձնահատկություններ ունեն։ Ցանկացած մոտեցում, որն ուժեղացնում է կողմերից մեկի վերջնագրային դիրքորոշումը , վնասում է ելքին կամ տանում է դեպի «զրո ելքով» խաղ:Փորձագետ Աշոտ Խուրշուդյանն ասում է, որ ճգնաժամային բանակցությունների ժամանակ լավագույն սցենարները դրվում են մի կողմ ու ջանքերն ուղղվում են հնարավորին հասնելուն: Փորձագետի խոսքով ՝ իրավիճակը դասական չէ: Գործընթացի վրա ազդեցություն ունեցող երկու լուրջ գործոններ կան՝ գերհուզական միջավայրը և վստահության ճգնաժամը: Այս պահի ամենամեծ խնդիրը համարում է հաղորդակցությունը, որը լուծելու փորձը միջնորդ ներգրավելն էր:
«Վիտալի Բալասանյանը, կարծում եմ, վստահելի խողովակ է, ունի բանակցային փորձ, բայց միայնակ լինելու պատճառով այդ միջնորդությունը տապալվեց: Ամեն մեկն ինչ-որ կերպ նպաստեց տապալմանը»,- ասում է Աշոտ Խուրշուդյանը։
Հիմա նորից կոտրած տաշտակի առջև ենք ու նոր միջնորդ ենք փնտրում: Փորձագետները, ի դեպ, ճիշտ մոտեցում են համարում այն, որ հավակնորդները փնտրվում են ռազմական անցյալ ունեցող գործիչների մեջ:
Արթուր Մարտիրոսյանը նույնպես բանակցային գործի մասնագետ է, նա խորհրդատու է CM&Partners ընկերությունում։ Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով: Ասում է՝ ճգնաժամային բանակցությունների վերջին 40 տարիների փորձն ուսումնասիրելով գիտի, որ որոշակի կանոններ ընդհանուր են արտաքուստ տարբեր բոլոր իրավիճակների համար: Ասում է՝ բոլոր մանրամասներին քաջատեղյակ չէ, բայց որոշ վրիպումներ նկատել է: Հիմնականը անհստակություն է թե միջնորդ, թե բանակցող հարթությունում:
Ըստ փորձագետների՝ երկու կողմերն էլ խոսում են վերջնագրերով: Այն, որ «Սասնա ծռերի» անդամներն ասում են , որ զենքը վայր չեն դնելու, Խուրշուդյանի գնահատմամբ, նույնպես վերջնագիր է: «Գործիքներ են նաև հոսանքի, կապի անջատումը, սննդի չտրամադրումը: Սրանք նույնպես միջոցներ են, որոնցով կողմերն իրար ինչ-որ բան են հասկացնում: Քայլ էր նաև տեղեկատվական այն թերթիկների բաժանումը, որով իշխանությունն ասում է հանձնվելու դեպքում այսպես կլինի, այնպես կլինի»:
Բանակցություններն առաջ տանելու համար, ըստ փորձագետների, յուրաքանչյուր քայլ պետք է կատարվի՝ վստահությունը մեծացնելու մոտեցմամբ: Կողմերը պետք է փորձեն եթե ոչ մեղմացնել, այլ գոնե չկրկնել վերջնագրերը:
Արթուր Մարտիրոսյանը հիշեցնում է, որ խմբի անդամներից մի քանիսը նշել են, որ զենքերը վայր կդնեն Սեֆիլյանի հորդորով: «Եթե այդպես է, պետք է բանակցել Սեֆիլյանի հետ: Չգիտեմ, թե ինչ ռիսկեր կան, բայց բանակցային լուծումներն այդ եռանկյունու մեջ են»:
Աշոտ Խուրշուդյանն էլ կրկնում է՝ ճգնաժամային բանակցություններում խնդիրը ոչ թե առավելագույնին, այլ հնարավորին հասնելն է, և ցանկացած դիրքորոշում, եթե ուժեղացնում է կողմերից մեկի վերջնագիրը, վնասում է գործընթացին կամ տանում դեպի զրո ելք:




