Քաղաքական

Ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն.իրավագետի եւ քաղաքագետի դիտարկումները

lusinevasilyan
Խորենացու փողոցում մեկ շաբաթ շարունակ  ծավալվող զարգացումներին զուգահեռ  շարունակվում են  քննարկումները  իրավիճակի հանգուցալուծման տարբերակների, հնարավոր ելքերի ու հետևանքների  շուրջ:  Քննարկումներից մեկում այսօր իրավական գնահատականներ են տրվել: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մասնավորապես,  այսօր նշել է, որ  ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են մեղադրվել պատանդ վերցնելու, սպանության, շենք-շինություն զավթելու, ծանր մարմնական վնասվածք հասցնելու, բայց ոչ ահաբեկչության մեջ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գնահատականին համաձայնել է վերապահումով:

 

 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ իրավիճակի բարդությունն արտացոլվում է նաև  այն հանգամանքի մեջ, որ զինված հարձակումն  ահաբեկչություն չի բնորոշում ոչ միայն հանրության մի մասը, այլ նաև ինքը՝  իշխանությունը:  Թեև արտաքուստ իրավիճակը մոտ է այդ բնորոշումը ստանալուն, բայց միանշանակ չէ անգամ իշխանությունների համար:

«Այդ է պատճառը, որ իշխանությունը բավական զգուշավոր է արտահայտվում այս տղաների մասին ձևակերպումներում: Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ նրանք ահաբեկիչներ չեն»:

Ստեփան Գրիգորյանն օրիգինալ չէ իր գնահատականների այն մասում, որ բոլորի նման դատապարտում է բռնությունը, բայց առավել քան մյուսները համոզված է մեկ հարցում՝ այս ծայրահեղ քայլը չէր լինի, եթե անհրաժեշտ հետևություններ արվեին մի շարք իրավիճակներից հետո, ամենակարևորը՝ եթե դասեր քաղվեին, լուրջ   հետևություններ լինեին ապրիլյան պատերազմից հետո:

«Ողջունել իհարկե չեմ կարող, բայց հասկանալ կարող եմ: Ավելին,  պնդում եմ, որ չէր լինի այս ծայրահեղ քայլը, եթե ապրիլյան պատերազմից հետո  անհրաժեշտ հետևություններ արվեին, բացատրություններ հնչեին»:

Իրավաբանները իրավիճակը  զուտ իրավական հայացքով են դիտարկում և գնահատում միայն օրենքի տեսանկյունից:  Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ վերջին օրերին ծավալված հանրային բանավեճը հայելանման արտացոլում է այն գլոբալ  բանավեճը, որը կա ահաբեկչություն տերմինի սահմանման առումով և որն ընթանում է   «ահաբեկիչ, թե ազատության մարտիկ» հարցի առանցքով: Միասնական սահմանում չկա ու դիլեման առկա է նաև հայաստանյան օրենսդրության մեջ:

«Մենք չունենք ահաբեկչության միասնական ձևակերպում, ունենք, 217 հոդված, որը 2014 թվականին փոփոխվել է: Մինչև 2014-ի սահմանումը այս դեպքը կարող էր ահաբեկչություն որակվել, փոփոխությունից  հետո ահաբեկչություն չէ, քանի որ գործող սահմանմամբ ՝ գործողությունը, որպեսզի ահաբեկչություն համարվի, պետք է ուղղված լինի քաղաքացիական անձանց դեմ»:

Թե ինչ հետագա զարգացում կստանան մեկ շաբաթ առաջ սկիզբ առած իրադարձությունները, Ղազարյանը դժվարանում է ենթադրել, բայց զինված խմբի հանձնվելու դեպքում, կարծում է, որ նրանց արարքը կորակվի Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով` պատանդ վերցնել, մահ պատճառել, շենք-շինություն գրավել և այլն: Իսկ թե խմբի անդամներից ում ինչ մեղադրանք կառաջադրվի, Ղազարյանի խոսքով, հայտնի կդառնա միայն քննության արդյունքում, երբ կբացահայտվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Թե ինչ հոդվածներով է քրեական գործը հարուցվել, դեռ պաշտոնական հաղորդագրությամբ չի ներկայացվել: Արա Ղազարյանի կարծիքով ՝ հնարավոր է  քննչական մարմինն ինքն էլ չի կողմնորոշվում, թե որ հոդվածի հիմքով է պետք հարուցել գործը:

«Ինձ համար կարևոր չէ ՝ ահաբեկչություն է, թե ոչ: Բոլոր հնարավոր հոդվածները Քրեական օրենսգրքի այն բաժնից են, որոնք ուղղված են հասարակական անվտանգության դեմ»:

Իսկ շրջանառող տեսակետը, թե հանձնվելու դիմաց զինված խմբի անդամներին պետք է քրեական պատասխանատվությունից ազատվելու երաշխիքներ տրվեն, իրավաբանի համար ընդունելի չէ: Իսկ սոցիալական արդարությունը, իսկ տուժողներին պատասխան տալը, իսկ պատճառված մահը՝ հարցնում է Ղազարյանը:

Ստեփան Գրիգորյանը  իրավաբանի  հետ համաձայնում է եթե-ով:

«Եթե իրավական պետություն լինեինք, կհամաձայների Արա Ղազարյանի հետ»:

Քաղաքագետն իշխանություններին առաջարկում է զսպվածություն ցուցաբերելուց զատ նաև որոշակի զիջումների գնալ` օրինակ ազատել Սեֆիլյանին, որոշակի երաշխիքներ տալ «Սասնա ծռերի» անդամներին: Դա, ըստ նրա,  կթուլացնի լարվածությունը և կստիպի խմբին նույնպես զիջումների գնալ:

Back to top button