

Այսօր Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա 13- րդ մրցույթը: Այն անցկացվում է երեք փուլերով: Երրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է հուլիսի 18-ից մինչև 23-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: 2004 թվականին հիմնադրված մրցաշարին առաջին տարում մասնակցել է 54 ընտանիք, իսկ այսօր մասնակիցների թիվը 2061-ն է: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի այս տարվա բյուջեն կազմել է 114 մլն 345 հազ. դրամ:
Այսօր ավարտվեց Հայաստանի և Արցախի հանրապետություններում ավանդույթ դարձած « Լավագույն մարզական ընտանիք-2016» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը: Նախքան պարգևատրման մեկնարկը մրցույթի մասնմակիցներն ու ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց հողն անառիկաբար պահպանած հայ զինվորի անմար հիշատակը: « Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվում է ընտանիքների միջև: Յուրաքանչյուրի թիմը բաղկացած է տան ծնողներից և ընտանիքի մեկ երեխայից: 6-7 օրերի ընթացում Ծաղկաձորում ընթացող թեժ ընտրապայքարից բացի ընտանիքներն այստեղ կապում են բարեկամության թելեր: Ղարաբաղից Ահարոնյանների ընտանիքն արդեն 10-րդ անգամ է մասնակցում մրցույթին: Երեք երեխա ունեցող ընտանիքը մրցաշարին հասցրել է մասնակցել երեք երեխաների հետ:
«Միշտ գալիս ենք մրցույթին մրցանակային տեղ գրավելու և մեր վաղեմի ընկերներին տեսնելու համար: Ամենավատ օրը վերջին օրն է, և հուզմունքով ենք իրարից բաժանվում»:
Եզրափակիչ փուլին զուգահեռ Ծաղկաձորում մասնակցում են նաև անվասայլակներով հաշմանդամություն ունեցող ընտանիքներ: Այս տարի նրանք 22 են:
6 տարբեր մարզաձևերից առաջին հորիզոնականը գրավված 24 ընտանիքներ պարգևատրվեցին հավաստագրերով և յուրաքանչյուրը 100 000-ական դրամ գումարով:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 100 000-ական դրամով պարգևատրվեցին յուրաքանչյուր տարիքային խմբի ամենափոքր մասնակիցները։
«Լավագույն մարզական ընտանիք մրցույթն ամենամասսայական մարզական միջոցառումն է, որը բնակչության շրջանում լուրջ խթան է հանդիսանում առողջ ապրելակերպի արմատավորման, մասսայական սպորտի տարածման առումով և որի արդյունքում ասյ տարի ունենք 2061 ընտանիքների մասնակցություն»:
Ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի՝ չորս տարիքային խմբերում և հաշմանդամություն ունեցող ընտանիքների միջև երրորդ, երկրորդ և առաջին հորիզոնականները գրաված ընտանիքները համապատասխանաբար պարգևատրվեցին, 300 000, 400 000 և 500 000-ական դրամով, վկայագրերով, հուշամեդալներով, իսկ ընտանիքների երեխաներին տրվեցին նաև հուշամեդալներ:
Եզրափակչում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը գավաթով պարգևատրեց չորս տարիքային խմբերում առավել միավորներ հավաքած ընտանիքներին՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ՀՀ մարզերի պատվիրակություններին։ Եզրափակչում առավել միավորներ հավաքած մրցույթի ընդհանուր հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզը և գավաթը ստացավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, երկրորդ տեղը գրավեց Կոտայքի մարզը: Գավաթը ստացավ մարզպետ Կարապետ Գուլոյանը, առաջին տեղում Երևանն էր, գավաթը ստացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մրցույթի մասնակից բոլոր ընտանիքների երեխաները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևատրվեցին հուշանվերներով:




