

Վերջին օրերին տարբեր հայտարարությունների պակաս չի եղել: Այդ հայտարարությունները հիմնականում անում էին արվեստագետներն ու մտավորականները: Այսօր արդեն շատերը դիմում են ոչ թե կողմերից մեկին, այլ՝ կողմերին՝ հորդորելով ողջ ժողովրդին համախմբվել, լրջորեն խորհել այս բախտորոշ ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ եւ միայն անարյուն ճանապարհով լուծելու մասին: Խնդրի լուծման անարյուն ճանապարհի փնտրտուքը մնում է բոլոր հայտարարությունների հիմնական պահանջը:
«Սասնա ծռեր» խմբի գործողությունների առնչությամբ այսօր մտավորականները դիմում են ոչ թե կողմերից մեկին, այլ՝ կողմերին: Պահանջը մեկն է՝ զերծ մնալ արյունահեղությունից: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի համար «աբսուրդ է լսել, որ հայը հային պատանդ է վերցնում՝ հանուն հայի փրկության», բայց հասկանում է պատճառները:
«Պետք էր վաղուց մտածել դրա մասին, որովհետեւ ժամանակ առ ժամանակ պոռթկումները են լինում, ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են լինում, կարծիքներ են լինում: Եթե դա կանխվեր ժամանակին եւ որոշ գործողություններ արվեր՝ չինովնիկների վերաբերմունքը դեպի հասարակ ժողովուրդը: Ես կարծում եմ այն, ինչ արվել է, դրա հետեւանքն է: Բայց չեմ գտնում, որ դա այն ճանապարհն է, որով կարելի է գնալ»:
Հանդուրժողականության, ներողամտության եւ համբերատարության կոչերով է հանդես գալիս նաեւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Խոստովանում է, որ շատ անհանգիստ է եւ խնդիրն ընդունում է իբրեւ սեփական ողբերգություն: Կարծում է, որ իշխանությունն ականջալուր է եղել կոչերին՝ խնդիրն անարյուն լուծելու առումով: Այդպես է նա ընկալում օրեր շարունակ ձգվող իրավիճակը:
«Այն տղաները, որ այնտեղ գտնվում են, նրանց նկատմամբ պետք է լինի արդար լուծում, արյունահեղություն չպետք է լինի, բայց դրանից հետո ինչ որ բան պետք է փոխվի: Հարցեր չեն լուծվում, գերատեսչությունները չեն անում իրենց գործը, մարդկանց հետ չեն խոսում: Եվ այդ ամենը մթնոլորտ է ստեղծում: Անընդհատ կրկնվող այս դժգոհությունները ինչ որ բան ասում են եւ իշխանությունները դրանից հետեւություններ պետք է անեն: Այսպես չի կարելի շարունակել»։
Կոմպոզիտորների, ճարտարապետների, ժուռնալիստների, գրողների, կինեմատոգրաֆիստների, նկարիչների եւ թատերական գործիչների միությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Իրենց հնարավորությունների չափով են փորձում կանխել դեպքերի անցանկալի զարգացումները: «Ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությամբ, բայց չի սիրում այդ պատմությունից դասեր քաղել», — ասում է Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Նշում է, որ մտավորականներն էլ ունեն բողոքներ, բայց պետք է ընտրել երկխոսության ճանապարհը: Մտավորականները հորդորում են, միաժամանակ փորձում են վերլուծել: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի խոսքով՝ պաշտոնյաները պետք է պարտադիր մի ձեւ, մեխանիզմ գտնեն ու հարցը լուծեն:
«Բոլորն ասում են արյուն չթափվի, դե ես էլ նույնն եմ ասում, բայց ոչ ոք չի ասում՝ մեխանիզմը որն է դրա: 25 հոգու միջից որոշ մարդկանց ես ճանաչում եմ,. Ճանաչում եմ եւ այս կողմից էլ: Ես համոզված եմ, որ ոստիկանությունն էլ չի ուզում ընկնել այս պատմությունների մեջ: Բայց փաստը մնում է փաստ՝ այժմ բախում է գնում եւ այս բախումը ձեռք է տալիս միայն մեր թշնամիներին: Տարօրինակ է, որ թուրքական բախումից հետո եղավ մեզ մոտ դա: Ակամա կարծում ես, որ սցենարը գրված է մի ուրիշ տեղ: Չնայած 25 հոգին էլ ազնիվ տղաներ են, համոզված եմ եւ այն մահը, որ, ցավոք սրտի պատահել է, դա միտումնավոր չի արվել, իհարկե»:
Մտավորականներն ավելորդ են համարում հենց Խորենացի փողոցում իրեն ներկայությունն ու այնտեղից խաղաղության կոչերով կողմերին հանդարտեցնելու փորձերը: Ռուբեն Գեւորգյանցը կարծում է, որ դա թատրոն կլինի։
Օրեր շարունակ մտածելուց հետո Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, իր կարծիքով գտել է լուծման հնարավոր տարբերակներից մեկը: «Մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, այդ պայմաններում գործում են մի քիչ ուրիշ օրենքներ: Եվ նրանց, ովքեր խախտել են օրենքը ոչ թե նստեցնում են բանտ, այլ տալիս են հնարավորություն ռազմաճակատում իրենց արդարացնել: Ես կարծում եմ, որ որոշումը երկուստեք կարող է լինել այդպիսին»:
Ամեն դեպքում՝ ինչպես էլ որ հանգուցալուծվի իրավիճակը, այն պետք է ընդունելի լինի երկու կողմի համար՝ ասում է արվեստագետը՝ նշելով. «Եթե որեւէ կողմ այդ լուծման արդյունքում իրեն զգա պարտված, արյունահեղությունից խուսափել հնարավոր չի լինի»։




