
Թուրքիան դադարեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը: Երկրի փոխվարչապետ Նուման Քուրթումկլուշը հայտարարել է, որ կոնվենցիայի գործունեությունը դադարեցվել է ժամանակավորապես և պայմանավորված է Թուրքիայում նախօրեին արտակարգ դրություն հաստատելու փաստով:
Փոխվարչապետը վստահեցրել է, որ Թուրքիայի քաղաքացիների հիմնարար իրավունքները չեն տուժի։ «Եվրոպական կոնվենցիայի 15- րդ հոդվածը թույլ է տալիս հրաժարվել ստանձնած պարտավորությունների մի մասից պատերազմի կամ արտակարգ դրության դեպքում, որը թույլ չի տալիս պահպանել դրանք»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո նախօրեին երկրում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել՝ չբացառելով նաև հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ մահապատժի կիրառումը: Երկրում իրավիճակը լարված է, ձերբակալությունները շարունակվում են:
Միաժամանակ Քուրթումլուշը նշել է, որ Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է չեղյալ հայտարարվել մեկ կամ մեկուկես ամսից:




