Միջազգային

Թրամպը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու

Միլիարդատեր Դոնալդ Թրամպը պաշտոնապես դարձավ Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների  նախագահի թեկնածու: Դրա մասին հայտարարվել է նախօերին՝ կուսակցության համագումարի ժամանակ, որն անցկացվում էր «Ամերիկան՝ առաջին տեղում» կարգախոսով: Թրամպն ընտրվելու դեպքում մտադիր է «Ամերիկան կրկին դարձնել հզոր երկիր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ»: Թրամպը Քլիվլենդում  կայացած համագումարի ժամանակ ստացել է 1725 ձայն 2472-ից։

Թրամպի թեկնածությունը հանրապետականները հաստատել են նրա կնոջ շուրջ տեղի ունեցած սկանդալից մեկ օր անց: Աշխարհի առաջատար լրատվամիջոցները համեմատել էին համագումարի ժամանակ  Մելանիա Թրամպի ելույթը գործող նախագահի տիկնոջ՝ Միշել Օբամայի ելույթի հետ և հայտնաբերել, որ Մելանիայի ելույթը գրեթե նույնությամբ կրկնում է Միշելի 2008 թվականի ելույթը Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարի ժամանակ: Թրամպի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ընդհանրությունը չեն հերքել, սակայն ընդգծել են, որ դրանք ընդհանուր խոսքեր են եղել:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Նախընտրական քարոզարշավը խոստանում է լինել բավականին հետաքրքրական հենց Դոնալդ Թրամպի՝ գործարար- միլիարդատիրոջ շնորհիվ, որը երբևէ չի զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն, չունի պետական կառավարման փորձ եւ հայտնի է սկանդալային հայտարարություններով եւ պատմություններով։

Թրամպի գլխավոր քաղաքական հակառակորդը կայանալիք ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

Back to top button