Մշակույթ

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ,  ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է. 1938 թ. հուլիսի 18, Ալեքսանդրիա ( Եգիպտոս): 1948 թվականին հայրենադարձել է: Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը: 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Զեյթունցյանի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր:

Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լիտվերեն, հունգարերեն, բուլղարերեն, էստոներեն, չեխերեն: 1982-ին մեծ տպաքանակով ռուսերեն լույս է տեսել նրա «Ավերված քաղաքի առասպելը» վեպը: 2000-ին ֆրանսերեն է թարգմանվել «Վերջին արևագալը» վեպը (նվիրված է Գրիգոր Զոհրապին): 2001-ին` անգլերեն` «Ծնվել է ու մահացել: Ամենատխուր մարդը» գիրքը:

«Հայֆիլմ» կինոստուդիան 1973-ին նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկան»: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։   Երևանի դրամատիկական թատրոնը 1974-ին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» տրագիկոմեդիան, 1980-ին` «Աստվածների կանչը» դրաման, 1984-ին` «Մեծ լռություն» (Դանիել Վարուժանին նվիրված) պիեսները: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Անավարտ մենախոսություն» (1983) դրամաները: 1988-ին բեմադրվել է Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», «Ոտքի, դատարանն է գալիս», 1999-ին` «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» գործերը: Ինքը` Պերճ Զեյթունցյանը 1984-ին բեմականացրել է «Սպենսեր Դոնովանի գործը» հեռուստատեսային ներկայացումը ըստ Ֆելիքս Ջեքսոնի «Աստված ինձ օգնական» վեպի:

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։
2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Back to top button